Ադրբեջանը ԼՂ հայ բնակչության իրավունքների հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ․ Հաջիևը՝ Գրիգորյանին


Ադրբեջանը ԼՂ հայ բնակչության իրավունքների հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ․ Հաջիևը՝ Գրիգորյանին

  • 09-12-2022 13:06:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։
 
Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հաջիևը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ, քանի որ «դա Ադրբեջանի ներքին գործն է»։ Միաժամանակ, Հաջիևն ասել է, որ նման հարց քննարկվել է, սակայն որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:
 
«Հայտարարությունները, թե իբր Վաշինգտոնում ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, կեղծ են։ Բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։
 
Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ «հայկական կողմը փորձում է միտումնավոր խափանել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների տպավորություն»:
 
Նշենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցի մասին խոսել էր երեկ Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում: Գրիգորյանը նաև ասել էր. «Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա ԼՂ-ի և Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ: Դա կարող է ֆիքսվել խաղաղության պայմանագրով, կարող է միջազգային այլ մեխանիզմով ֆիքսվել»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play