Երևանում բացվել է Հանրապետության ամենամեծ բացօթյա սահադաշտով
13-12-2022 15:36:53 | Հայաստան | Հասարակություն
Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ երևանյան փոքրիկ Լապլանդիայի՝ Winter Park ձմեռային այգու (Թբիլիսյան խճուղի 1/8) բացման հանդիսավոր արարողությունը։
Տոնական միջոցառումը մեկնարկեց «Հայ արև» մանկական անսամբլի «Ձմեռային այգի» երգով։ Այնուհետև բոլորը միասին դիմավորեցին Սանտային, ով Լապլանդիայից այգի ժամանեց հեքիաթային թռիչքով, մասնակցեցին Սանտայի տնակի և այգու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։
Երեխաները հնարավորություն ունեցան Սանտային հանդիպել նաև իր տնակում և անձամբ պատմել իրենց ամանորյա երազանքների մասին, այցելեցին Միսիս Կլաուսին, նրա հետ անուշաբույր թխվածքաբլիթներ պատրաստեցին և կախարդական սարքով նամակներն ուղարկեցին Սանտային, հանդիպեցին չարաճճի Գրինչին, ժրաջան էլֆերին ու էլի շատ ու շատ այլ հերոսների։ Այցելուները հնարավորություն ունեցան նաև դիտելու հեքիաթային տնակի նոր բնակչի` Մարդուկ-Ջարդուկի ներկայացումը։ Միջոցառման ընթացքում ազդարարվեց նաև հանրապետության ամենամեծ բացօթյա սահադաշտի (մակերեսը 1800քմ է), ինչպես նաև Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացումը։
Winter Park ձմեռային այգին նմանատիպ կոնցեպտով և հագեցվածությամբ տարածաշրջանում եզակիներից է։ 2016 թվականին այգու հիմնադիրներն այն ստեղծելիս ոգեշնչվել են իրական Լապլանդիայից և ոչինչ չեն խնայել այգին բարեկարգելու և հեքիաթային վայր դարձնելու համար։
«Ամեն տարի ավելի եմ համոզվում, որ Երևանում այսպիսի հեքիաթային վայր ունենալու մեր գաղափարն ու երազանքը պետք էր անպայման իրականություն դարձնել։ Մեզ համար լավագույն գնահատականը մեր այցելուների ժպիտները, փայլուն աչքերն ու ոգևորությունն են։ Տարիներ առաջ մենք հավատացել ենք հրաշքին, ապրել ենք երազանքով, այն նպատակ ենք դարձրել ու կյանքի կոչել։ Ես ցանկանում եմ, որ այսօր էլ բոլորը՝ անկախ տարիքից, ապրեն Ամանորի հրաշքով ու հավատան հեքիաթին»,-նշել է այգու համահիմնադիր Անժելա Պետրոսյանը։
Winter Park ձմեռային այգում տարեցտարի ավելանում են նոր ակտիվություններ, իրականացվում բազմաբնույթ միջոցառումներ և առանձնահատուկ կերպով նշվում բոլոր տոները՝ սկսած 506-ամյա Գրինչի ծննդյան օրից, մինչև Սուրբ ծնունդ։ Այս տարի այցելուները կարող են օգտվել նաև թեմատիկ լուսանկարչական տաղավարից, որտեղ յուրաքանչյուրը կարող է հայտնվել իր նախընտրած հեքիաթում և ստանալ ամանորյա բացիկներ՝ Magic Postcard-եր։