Բելգիայի հայերը ակցիայով պահանջեցին ԵՄ-ից և միջազգային հանրությունից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա


Բելգիայի հայերը ակցիայով պահանջեցին ԵՄ-ից և միջազգային հանրությունից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

  • 19-12-2022 18:54:55   | Բելգիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սփյուռքի տարբեր կառույցների նախաձեռնությամբ Բելգիայում հայերը բողոքի ակցիա անցկացրին Բրյուսելում՝ Եվրամիությունից, միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացելու Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ Եվրոպան, միջազգային հանրությունը շարունակում են երկու «կշիռ» ունենալ: Միջազգային մամուլը, բոլորը շատ լավ, պատկերավոր ձևով ներկայացրել են իրականությունը, սակայն ակնկալիքը գործնական քայլերն են:
 
«Եվրոպական միությունից պահանջում ենք, որ գործնական քայլեր արվեն»,-ասաց Կարապետյանը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով, որ արվում են  դատապարտող հայտարարություններ, պահանջում են Ադրբեջանից բացել Արցախն աշխարհին կապող ճանապարհը:
 
Նա Եվրոպական խորհրդարանին շնորհակալություն հայտնեց, որ վերջին տարիներին բուռն կերպով դատապարտում է Ադրբեջանին ՝ պահանջելով հայերի իրավունքների վերականգնում:
 
«Մենք՝ Արցախի հայերը, Հայաստանի հայերը, սփյուռքի հայերը, պետք է միասնական լինենք, որքան էլ ոմանք ուզեն խրամատներ ստեղծել մեր միջև: Մենք միասնականությամբ պետք է պայքարենք ու փաստենք, որ այստեղ ենք:  Մենք պահանջատեր ենք»,-ընդգծեց Կարապետյանը:
 
Ակցիայի մասնակիցները Բրյուսելում ծածանեցին Հայաստանի, Արցախի դրոշները, պաստառներ՝ «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան» և այլ գրություններով: 
 
 
 
 
Հայերը Եվրոպական միությունից և միջազգային հանրությունից պահանջեցին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ բացելու Լաչինի միջանցքը, Արցախի հայ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ճանաչել Արցախի Հանրապետությունը, հիմնել հումանիտար գործակալություն Արցախում: Նրանք նաև պահանջեցին անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքի նկատմամբ, անհապաղ երկարաձգել ԵՄ դիտորդական առաքելության մանդատը:
 
Բողոքի ակցիայի նախաձեռնողներից էին Բելգիայի հայերի կոմիտեն, Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան և այլ կառույցներ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play