Ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային միջոցների շարժն ամբողջությամբ կվերականգնվի. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ


Ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային միջոցների շարժն ամբողջությամբ կվերականգնվի. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

  • 21-12-2022 12:03:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:
 
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում՝ ընդգծելով տեղաշարժի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը:
 
Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, վերահսկում են նշված միջանցքը, արդյունավետորեն հաղթահարում են իրենց առաքելությունը։
 
ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ կողմերը, եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է ամբողջությամբ պահպանեն դրա կետերը և խոչընդոտներ չստեղծեն։
 
«Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային միջոցների շարժն ամբողջությամբ կվերականգնվի»,- ասել է Եվստիգնեևան՝ հավելելով, որ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։ Այդ ջանքերի շնորհիվ վերականգնվել է Ղարաբաղի գազամատակարարումը։
 
ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքներն իրականացվել են պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ԱԳՆ-ի մակարդակով։
 
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը նաև հայտարարել է, որ տվյալ պահին համաձայնեցվում է Լեռնային Ղարաբաղի օգտակար հանածոների հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը:
 
Լսումներից առաջ իրավիճակը հակիրճ ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան՝ Բաքվին և Երևանին կոչ անելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ նա առանձնացրել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դերը։
 
Ենչան իր ելույթում Ադրբեջանին և Հայաստանին հորդորել է կրկնապատկել դիվանագիտական ջանքերը կայուն խաղաղ լուծման հասնելու համար, «քանի դեռ ուշ չէ»:
 
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա:
 
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել էր ստեղծված իրավիճակն ու շեշտել, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։
 
Ի պատասխան Մարգարյանի հիմնավորված պնդումների՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, թե Լաչինի միջանցքն «ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը