Ռուս խաղաղապահները մի շարք երկրների ճնշման տակ են, բայց վստահություն կա՝ իրենց առջև դրած խնդիրը կկատարեն․ Խաչատրյան


Ռուս խաղաղապահները մի շարք երկրների ճնշման տակ են, բայց վստահություն կա՝ իրենց առջև դրած խնդիրը կկատարեն․ Խաչատրյան

  • 23-12-2022 18:16:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ մի շարք ուղղություններով են աշխատանքներ իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների կատարման ուղղությամբ, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի:
 
Նրա խոսքերով՝ պահանջներ կան ռուս խաղաղապահներից, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց միաժամանակ հարց է առաջանում՝ արդյոք կարողանո՞ւմ են լուծել այդ խնդիրները:
 
«Դեռևս չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել, ՀՀ–ի կողմից այդ մասով գնահատականը տրվել է։ Մենք հույս ունենք, որ շուտով կկատարեն այդ պարտավորությունը։ Կարծում եմ՝ որոշակի խնդիրներ ունեն, մի շարք երկրների ճնշման տակ են, բայց վստահություն ունեմ, որ իրենց առջև դրած խնդիրը կկատարեն»,– ասաց նա։
 
Ըստ Խաչատրյանի՝ ճանապարհի բացման մասով բանակցությունները տեղի են ունենում միջնորդների միջոցով։ Այս պահի դրությամբ այդ խնդրի ողջ առանցքը ռուս խաղաղապահներն են․ «Իմ կարծիքով ստեղծված իրավիճակում և՛ քաղաքական, և՛ բազաբնույթ ճնշումներ կլինեն, որպեսզի Ռուսաստանը իր պարտավորությունները իրականացնելիս ադրբեջանական շահերին շատ չվնասի, բայց այստեղ կոնկրետ Արցախի շահն է, և կոնկրետ այն պարտավորությունն է, որ ՌԴ–ն ստանձնել է։ Մենք գիտենք՝ Ադրբեջանի օրակարգը ինչպիսն է, պահանջներ է ներկայացնում, որոնք անընդունելի են մեր կողմից»։
 
Պատգամավորը նկատում է՝ պետք է հաշվի առնել Ադրբեջանի գործելաոճը, երբ որևէ փաստաթուղթ կամ պարտավորություն ստանձնելիս, ադրբեջանական կողմը միևնույնէ հրաժարվում է կատարել որևէ պարտավորություն։ Հարցին՝ ինչու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվեց գնալ Մոսկվա եռակողմ բանակցությունների, Խաչատրյանը պատասխանեց՝ «Ես վստահում եմ մեր արտաքին գործերի նախարարությանը, եթե որոշում են կայացրել չմասնակցել, ուրեմն դրա մասով հիմքեր են եղել։ Չեմ կարող ասել՝ ինչ հիմքերով են եղել»։
 
Խաչատրյանի կարծիքով՝ նաև քիչ հավանական է, որ մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, քանի որ իրավիճակը օր օրի փոփոխվում է։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը