Որևիցե բախումների չենք գնալու. Հանրապետության հրապարակից մի խումբ քաղաքացիներ ավտոերթով շարժվել են դեպի Լաչինի միջանցք


Որևիցե բախումների չենք գնալու. Հանրապետության հրապարակից մի խումբ քաղաքացիներ ավտոերթով շարժվել են դեպի Լաչինի միջանցք

  • 26-12-2022 15:43:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակից ավտոերթով շարժվել են Գորիս, ապա փորձելու են հասնել Լաչինի միջանցք:
 
Ակցիայի մասնակիցներից Սամվել Մովսիսյանը նշել է, որ դեռևս 2009 թվականից Արցախում իրականացնում են տարբեր ծրագրեր՝ քաջալերելով արցախցի փոքրիկներին:
 
«Ամեն տարի մի քանի անգամ այցելում ենք Արցախ, նվերներ ենք տանում փոքրիկներին, փորձում ենք քաջալերել և խրախուսել, որպեսզի երեխաները լավ առաջադիմությամբ սովորեն»,- ասել է նա:
 
Վերջինիս խոսքով՝ այսօրվա նախաձեռնությունն անվանել են «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին». «Հիմա ավտոերթով գնալու ենք Գորիս՝ հանդիպելու այն արցախցի երեխաներին, որոնք այդպես էլ չկարողացան մեկնել Արցախ: Ուզում ենք իրենց քաջալերել, ուրախացնել՝ նվերներ փոխանցել, ճաշել միասին, որից հետո կշարժվենք Լաչինի միջանցք՝ անցակետի հատված, և կփորձենք բանակցել հայ ոստիկանների և ռուս խաղաղապահների հետ: Մենք պարզապես չենք կարող նստել այստեղ ու սպասել, թե ինչ-որ բան կփոխվի»:
 
Սամվել Մովսիսյանը նկատել է, որ Երևանից շարժվող մեքենաներին ճանապարհից էլի մեքենաներ կմիանան, իսկ որոշները իրենց կսպասեն արդեն անցակետի մոտ:  
 
«Որևիցե բախումների չենք գնալու: Մեր նպատակն է այցելել Արցախ և քաջալերել մեր երեխաներին: Մենք մեր լավագույնը պետք է անենք Արցախի համար: Չենք կարող ասել՝ Արցախը մերն է, սիրում ենք Արցախն ու հանգիստ նստել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ, մասնավորապես՝ այս պահին, պետք է իր լավագույնն անի Արցախի համար»,- նշել է նա:
 
Ակցիայի մասնակիցները լիահույս են, որ Լաչինի միջանցքն այսօր կբացվի, և իրենք կկարողանան հասնել Արցախ:
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատրվակով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play