Արցախում օր օրի խորանում է հումանիտար ճգնաժամը. ՀՀ առողջապահության նախարարը քայլեր է ակնկալում ԱՀԿ–ից


Արցախում օր օրի խորանում է հումանիտար ճգնաժամը. ՀՀ առողջապահության նախարարը քայլեր է ակնկալում ԱՀԿ–ից

  • 27-12-2022 20:53:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամն օր օրի խորանում է։ 
 
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք, հումանիտար ճգնաժամը դեռ պահպանվում է ու օր օրի ավելի խորանում, որովհետև թե՛ դեղորայքի, թե՛ սննդի, թե՛ մանկական կերերի և այլ անհրաժեշտ պարագաների պաշարներն ամեն օր սպառվում են»,– ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով` թեև Հայաստանից որոշակի քանակով բեռներ հաջողվել է Կարմիր խաչի միջոցով տեղափոխել Արցախ, բայց դա չի նշանակում, թե իրավիճակը կարգավորվում է։
Ավանեսյանը նշեց, որ Արցախում կան նաև հրատապ օգնության կարիք ունեցող հիվանդներ։
«Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր արցախյան գործընկերների հետ։ Երևանի մեր բժիշկներն Արցախի իրենց գործընկերների հետ անմիջականորեն աշխատում են պացիենտների բուժական օգնությունը տեղում առկա միջոցներով, սարքավորումներով ապահովելու համար։ Այսինքն` գտնվում են կապի մեջ, խորհրդատվություն են տալիս։ Այս իրավիճակում արվում է հնարավորը։ Բայց մենք օր առաջ պասում ենք այս իրավիճակի հանգուցալուծմանը, քանի որ կարծում ենք` ուղղակի անլսելի է, որ 21-րդ դարում 120 000 մարդ գտնվի շրջափակման մեջ»,– ասել է Ավանեսյանը։
Նախարարը հայտնեց, որ քննարկվում է առավել հրատապ միջամտության կարիք ունեցող հիվանդներին ՀՀ տեղափոխելու, նրանց անհրաժեշտ բուժօգնությունը հնարավորինս հասանելի դարձնելու հարցը։
Ավանեսյանը կապի մեջ է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և պարբերաբար թարմ տեղեկություններ է փոխանցում Արցախում ստեղծված իրավիճակի մասին։
«Ակնկալում ենք ԱՀԿ–ի մանդատի շրջանակում որոշակի քայլեր, ճնշումներ, նաև հարցը միջազգային բոլոր ատյաններում բարձրացնելու ուղղությամբ։ Ստացել ենք որոշակի պատասխաններ, աշխատանքներ տարվում են, այդ թվում` հարցը սրելու, այլ ատյաններին տեղյակ պահելու ուղղությամբ, որ հնարավոր չէ այլևս` այս իրավիճակը որոշ ժամանակ էլ պահպանվի։ Մարդկանց բժշկական օգնությունը պետք է կազմակերպվի, ու ճանապարհը պետք է բացվի։ Սա նաև մարդկանց կյանքին սպառնացող իրավիճակ է, ու եթե այսպես շարունակվի, մարդկանց կյանքին ու առողջությանը լուրջ վնաս կհասցվի»,– ասել է Ավանեսյանը։
Դեկտեմբերի 14–ին Ավանեսյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով դիմել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը