Եթե ՌԴ-ն չի կարողանում ապահովել անվտանգությունը ԼՂ-ում, պետք է ՄԱԿ-ից մանդատ ուզի կամ էլ բազմազգ զորախումբ․ Նիկոլ Փաշինյան


Եթե ՌԴ-ն չի կարողանում ապահովել անվտանգությունը ԼՂ-ում, պետք է ՄԱԿ-ից մանդատ ուզի կամ էլ բազմազգ զորախումբ․ Նիկոլ Փաշինյան

  • 29-12-2022 11:58:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Եթե Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում Լեռնային Ղարաբաղում ապահովել կայունություն ու անվտանգություն, ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանը և Ռուսաստանի Դաշնությունը։
 
Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը։ Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին է և իրականության հետ ոչ մի կապ չունի։ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։ Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է։ Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ»,- ասաց նա։
 
Փաշինյանը հարցադրում արեց՝ ո՞րն է իրադրությանը Ռուսաստանի Դաշնության գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանն ու ճանապարհային քարտեզը։ «Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ՀՀ և ԼՂ հանրությունը սպասում է Ռուսաստանի Դաշնությունից, որը, հիշեցնեմ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։ Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։ Սրան նախորդել են Փառուխի և Խծաբերդի իրադարձությունները, որի հետևանքով ՀՀ շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված։
 
Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում, այդ թվում՝ ԼՂ-ում։ Եվ իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը։ Բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պիտի սերտորեն աշխատենք ՌԴ և մեր մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։ Պիտի նաև վերահաստատեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը»,- ասաց Փաշինյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը