Ինչ են ասել Մակրոնը եւ Բլինքենը Փաշինյանին


Ինչ են ասել Մակրոնը եւ Բլինքենը Փաշինյանին

  • 30-12-2022 12:03:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հրապարակ թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ «Փաշինյանն անցած շաբաթ Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանը խոստովանել է, որ Մակրոնն իրեն զգուշացրել է դուրս չգալ ՀԱՊԿ-ից` իրենք չեն կարող ստանձնել ՀՀ երաշխավորի դերը, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցն էլ հավելել է, որ նման հորդոր փոխանցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը»:
 
Շատ նման է պարբերաբար հայտնվող «արտահոսքերին»՝ Շոյգուն Պուտինից հրաման էր ստացել Փառուխը վերադարձնել հայերին, ռուս «խաղաղապահները» շրջապատել էին Բաքվի ակտիվիստներին ու հեսա բացելու են միջանցքը եւ այլն։ Պուտին-Փաշինյան-Ալիեւ կրկեսին ու բեմադրություններին համահունչ։ Տվյալ դեպքում, խոսքը ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու շուրջ քպ-ականնների միմոսությունների մասին է, որոնք հատկապես ակնառու դարձան սեպտեմբերի ագրեսիայից հետո, Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի առաջնորդությամբ, ՀԱՊԿ երեւանյան հավաքի կուլմինացիայով։
 
Կրկեսն ավելի ու ավելի անհամոզիչ է դառնում, տեսարանները՝ նողկալի։ Նոր փաստարկներ են պետք «ռուսական պլանի, եռակողմ թղթերի անվերապահ իրագործման», ինչպես նաեւ Փաշինյանի՝ այդ ծրագրերը սպասարկելու հիմնավորումների համար։ Պուտին-Ալիեւ վախերը կապված են ոչ թե ՀՀ իշխանության քայլերի, այլ արտաքին հնարավոր միջամտության, ԱՄՆ եւ հատկապես Ֆրանսիայի նախաձեռնությունների, միջազգային խաղաղապահների հարցի եւ միջազգային ատյաններում Հայաստանի դեմ ոճրագործության հնարավոր հետեւանքների հետ։ Փաշինյանի դերն այստեղ առանցքային է՝ չեզոքացնել արտաքին հնարավոր միջամտությունը եւ խաղը պահել եռակողմ ծիրում՝ իր իշխանության հավելյալ երաշխիքների դիմաց։ Այս համատեքստում պետք է դիտարկել ՀԱՊԿ-ից դուրս չգալու «ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հորդորների» մասին «արտահոսքը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը