Ձերբակալվել և հարցաքննվել են ՀՅԴ-ականներ


Ձերբակալվել և հարցաքննվել են ՀՅԴ-ականներ

  • 11-01-2023 20:06:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտնել է, որ ձերբակալվել են ՀՅԴ-ի Արարատի մարզային կառույցի անդամներ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ (Աշոտ) Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը:
 
Հարցաքննության են ենթարկվել կուսակցության գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, մեկ ամիս առաջ ազատ արձակված Գերասիմ Վարդանյանը:
 
Նշվում է, որ նրանց բնակարաններում իրականացվել են խուզարկություններ:
 
Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն էր «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել, որ այսօր՝ վաղ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ՝ խուզարկություն իրականացնելու, կան բերման ենթարկվածներ:
 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ պարզաբանումներ էր ներկայացրել խուզարկությունների վերաբերյալ:
 
«Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումներում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․
 
2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։
 
Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»,- գրել էր նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play