Մեկ ամիս շարունակվող շրջափակումը 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է. Արցախի ԱԳՆ հայտարարությունը


Մեկ ամիս շարունակվող շրջափակումը 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

  • 13-01-2023 16:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120.000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա:
 
Այս մասին նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
 
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում։
 
Արցախի շրջափակման մեկ ամսյա շրջափակման առիթով Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կառավարության և խորհրդարանի անդամներ տեղական, հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին են ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ծանր իրավիճակը և ահագնացող ռիսկերը։ Տեսակամրջի մասնակիցները կոչ են արել ողջ հայությանը և քաղաքակիրթ աշխարհին օգտագործել առկա ողջ գործիքակազմը իրավիճակի հանգուցալուծման համար:
 
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակված են օրվա վիճակագրական տվյալները.
 
11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
 
8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում է։
 
Արդեն 123 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
 
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 390 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
 
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
 
Տնտեսվարող սուբյեկտների 16,4%-ը շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իրենց գործունեությունը։ 
 
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 
 
Ավելի քան 12.800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
 
Շրջափակման պատճառով Արցախի 120.000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30.000 երեխա, 20.000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
 
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
 
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը