Պաշտպանող կողմը փորձ էր անում ներկայացնել, թե 2018-ին ցուցարարները ուժ են կիրառել ոստիկանների դեմ․ Ալեն Սիմոնյան


Պաշտպանող կողմը փորձ էր անում ներկայացնել, թե 2018-ին ցուցարարները ուժ են կիրառել ոստիկանների դեմ․ Ալեն Սիմոնյան

  • 16-01-2023 14:11:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր նախատեսված էր 2018 թվականին Լևոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը:
 
Հարցաքննությունից հետո ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց՝ պաշտպանող կողմը փորձ էր անում ներկայացնել իրավիճակ, որ 2018-ին բռնություն է կիրառվել ոստիկանության դեմ, բայց դա նրանց չի հաջողվել։
 
«Ամսից ավելի տևած խաղաղ միջոցառումները և բողոքի ակցիաները ակնհայտ են դարձնում, որ նման միտում չկար, և իշխանությունը ի սկզբանե մարտավարություն էր որդեգրել, որ հնարավորինս արհամարհի ու անտեսի ցույցը: Վերջում մարդկանց քանակը շատացավ, ակնհայտ էր, որ բիրտ ուժ էին կիրառելու»,- ասաց նա։
 
Նրա խոսքով՝ հեղափոխության ժամանակ համաձայնություն կար, որ ցուցարարները ուժ չեն կիրառելու ոստիկանների նկատմամբ․ «Պետությունը, իր զինվածությունից ելնելով, մեծ ուժ ունի կիրառելու, դրա համար այդ ժամանակ նման որոշում էր կայացվել։ Այդ պատճառով հեղափոխությունը կոչվում էր թավշյա, ոչ բռնի»:
 
Նշենք՝ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև՝ անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ։
 
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ դրա հետևանքով նա ոտքին երեք բեկոր է ստացել, և վնասվել է ձախ ականջը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play