Ձեր ճանաչած աշխարհը ոտքի հանեք, պարոն Վարդանյան, չէ որ դուք Արցախը փրկելու համար էիք եկել...
18-01-2023 11:10:39 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ԱՐՑԱԽԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Հարգելի Ռուբեն Վարդանյան,
Ո՞վ եք դուք, ով եք եղել անցյալում ` տրոյկայից մինչև ,,Ավրորա,, հայ ժողովրդի համար ինչ եք արել, ես չգիտեմ, բացի Ռուսաստանի նախագահին ուղղված ձեր ելույթից, թե ինչով եք օգնել 44 օրյա պատերազմի ժամանակ, ինչպիսի օգնություն եք կազմակերպել հինգ պետությունների կողմից կրակի տակ ավերվող Արցախին, Հայաստանին, հայ ժողովրդին, սա էլ է անհայտ, մի բան միայն հայտնի էր, որ մեծահարուստ եք, միլիոնատեր և ապրում էիք Մոսկվայում : Հուսահատ ու 44 օր Հայաստանի և Արցախի արյունը քամած միլիոնատերերի կողմից էլ լքված մեկ ազգ երկու պետությունը հայոց երկինքը բայրաքթարներից պաշտպանող նույնիսկ մեկ ՀՕՊ -ի ստվեր չճարեց ու բազում առյուծ տղերք բուռ- բուռ զոհվեցին, իրենց արյունով ծածկելով հայրենի հողը...իսկ ,,վայ,, ապրողներս` մնացինք ցավի ու կորուստների մեջ մենակ` միայն Սփյուռքի հայության տագնապալից պայքարի ու օգնությունների հույսին. այո, միայն: Հրաշք հայ ժողովուրդ: Երբ լսեցի Արցախ բնակության գալու ձեր որոշման մասին, շատ զարմացա և գրավոր դիմեցի մեր ժողովրդին, ասելով, որ չքարկոծեք, միգուցե նման հզոր անձի ներկայությունը կկանխի Արցախի հայաթափումը: Ավաղ, արդեն 33 օրից ավել Արցախը շրջափակման մեջ է` ձեր, հզորիդ, աշխարհի տկար ժողովուրդներին ձեռք մեկնողիդ, տաղանդավոր ֆինանսական մագնատիդ, ռուսական օլիգարխիայում և իշխանական ոլորտներում բազում մտերիմներ ունեցող անձիդ ներկայությամբ` Արցախի 120 հազար բնակիչ ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է: Ինչպես եք հանդուրժում? որտեղ է ձեր հպարտությունը, կառավարման դիվանագիտական տաղանդն ու հայի վերջին խելքը:
Այսօր շատերը ձեր հրաժարականն են պահանջում, ինչու? ձեր գալով ինչ արեցիք` ինչպես կարող էիք հայտարարել, որ Բերձորի / Լաչինի/ ճանապարհը կիսով չափ է փակված, ասեք խնդրեմ, կարող ենք? վաղը այդ ,,կիսով չափ փակված ճանապարհով երկու մեքենա կարտոֆիլ ու երկու մեքենա ալյուր ուղարկել արդեն սովամահ արցախցուն: Պատասխանեք խնդրեմ և անկեղծ եղեք այն ժողովրդի հետ, որն իր ամուր կամքի ու հերոսական դիմադրության շնորհիվ, որպես մեկ մարմին ու մեկ էություն, արժանի է ,,ԱՎՐՈՐԱՅԻ,, մրցանակի` Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ: Արցախը փրկություն է աղերսում.. Ձեր ճանաչած աշխարհը ոտքի հանեք, պարոն Վարդանյան: Չէ որ դուք նրանց փրկելու համար էիք եկել...