Ադրբեջանցիները կրակում են իրենց ոտքերին՝ շրջափակելով Լաչինի միջանցքը. Հարութ Սասունյան


Ադրբեջանցիները կրակում են իրենց ոտքերին՝ շրջափակելով Լաչինի միջանցքը. Հարութ Սասունյան

  • 25-01-2023 12:46:26   | Հայաստան  |  Քաղաքական

 
Արցախում 120 հազար հայեր գոյատևման պայքար են մղում զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում, առանց ջերմության, սննդի և դեղորայքի՝ բնապահպաններ ձևացող էկո-ահաբեկիչների կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:
 
Սակայն, Ադրբեջանը չի խուսափելու իր մարդու իրավունքների լուրջ խախտումներից՝ առանց բարձր գին վճարելու։
 
Ադրբեջանը ծաղրի առարկա է դարձել ամբողջ աշխարհում։ Գրեթե բոլոր կառավարությունները, բացի Էրդողանի բռնապետությունից, դատապարտել են Արցախի անմարդկային շրջափակումը։
 
Միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննադատել են Ադրբեջանի կառավարությանը՝ Արցախի Հանրապետության բնակչությանը շրջափակելու համար։
 
Աշխարհի հազարավոր թերթեր և հեռուստաընկերություններ խիստ հարձակման են ենթարկել Ադրբեջանը։
 
Բազմաթիվ քաղաքական գործիչներ, հայտնի անձնավորություններ և խորհրդարաններ  կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
 
Այսպիսով, միլիարդավոր դոլարները, որոնք Ադրբեջանը որպես կաշառք վճարել է Եվրոպայում և ամբողջ աշխարհում դրական գովազդ ստանալու համար, վատնվել է:
 
Միջազգային իրավունքի անթիվ խախտումներից հետո բոլորը տեղեկացել են Ադրբեջանի բռնապետական վարչակարգի մասին։
 
Այսուհետև ոչ մի երկիր Հայաստանին չի հորդորի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով նրա ցեղասպանական գործողությունները։ Բացի ժողովրդի բացահայտ սպանությունից, ՄԱԿ-ը ցեղասպանությունը սահմանում է նաև որպես «միտումնավոր ստեղծում խմբի կենսապայմաններ, որոնք հաշվարկված են դրա ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»։   
 
Ցանկացած հակամարտության երկու կողմերը պետք է ձգտեն խաղաղության։ Երբ Ադրբեջանը վճռել է կործանել Արցախն ու Հայաստանը, ինչպե՞ս կարող է որևէ մեկն ակնկալել խաղաղ համակեցություն նման մարդասպան հարևանի հետ:
 
Նախագահ Ալիևը վարկաբեկեց իր իսկ պնդումը, որ արցախահայերը կարող են երջանիկ ապրել ադրբեջանական իշխանության ներքո, ինչպես Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիները։ Քանի որ ադրբեջանցիներն իրենք իսկ զրկված են իրենց տարրական իրավունքներից, ինչպե՞ս կարող է արցախահայությունը օգտվել որևէ իրավունքից։ Արցախահայերի համար անհնար է ապրել Ադրբեջանում, որի իշխանությունը սովի է մատնում իր «ապագա» քաղաքացիներին։
 
Ալիևը չի թաքցնում իր նենգ մտադրությունը։ Նա պարբերաբար հայատյաց հայտարարություններ է անում՝ պնդելով, որ Արցախից բացի, ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է պատմական Ադրբեջան։ Իհարկե, սա ծիծաղելի հայտարարություն է, քանի որ Հայաստանը գոյություն ունի հազարավոր տարիներ, իսկ Ադրբեջանը հազիվ հարյուր տարեկանն անց է:
 
Ադրբեջանցի կեղծ բնապահպանները երբեք չեն բողոքել սեփական երկրում օդի խիստ աղտոտվածության դեմ։ Նրանք նաև անտեսեցին ադրբեջանական զինուժի կողմից միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆորի օգտագործումը 2020 թվականի պատերազմի ժամանակ, որը ոչնչացրեց անտառները, մարդկանց և այլ արարածներ Արցախում:
 
Այսպես կոչված ադրբեջանցի ցուցարարներից շատերը, որոնք արգելափակել են Լաչինի միջանցքը, ադրբեջանցի զինվորականներ են: Ոչ մի ադրբեջանցի իրավունք չունի մուտք գործել Արցախի բռնազավթված տարածքներ առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության։ Հատկապես ծիծաղելի է ադրբեջանցի կին ցուցարարը, որը ջրաքիսի վերարկու հագած, ներկայանում էր որպես բնապահպան...
 
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կառավարությունը շարունակում էր հերքել, որ ադրբեջանցիները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ ցուցադրելով տեսագրությունները Միջազգային Կարմիր Խաչի մի քանի մեքենաների և ռուս խաղաղապահների բեռնատարների, որոնք անցնում են միջանցքով։ Պաշարների փոքր քանակությունը, որը թույլատրվում է բերել Արցախ, չնչին տոկոսն է նախկինում Հայաստանից Արցախ օրական առաքվող 400 տոննա պաշարների մեջ։
 
Արցախի անփորձ ղեկավարները թույլ տվեցին աններելի սխալներ՝ վնասելով իրենց սեփական շահերին։ Արցախի կառավարությունն անխոհեմ որոշում կայացրեց փակել իրենց հանքերը՝ ի պատասխան դրանք ստուգելու ադրբեջանական պահանջների։ Այսպիսով, Արցախի կառավարությունը զրկվեց այս հանքերից ստացած հարկային մեծ եկամուտներից և արցախցի հարյուրավոր հանքագործների թողեց առանց աշխատանքի ու եկամուտների։ Ավելին, փոխանակ Ադրբեջանին ասելու, որ իրենք գործ չունեն Արցախի հանքերի հետ, Արցախի կառավարությունը հայտարարեց, որ թույլ կտա միջազգային տեսուչներին գալ և ստուգել հանքերը։
 
Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի թույլ տված մյուս սխալը նրա հայտարարությունն էր, թե հայ ավազակները փող են աշխատում՝ օգտագործելով Լաչինի միջանցքը շրջանցող կողմնակի ճանապարհները՝ մաքսանենգությամբ մարդկանց ու ապրանքներ տեղափոխելու Արցախ և այնտեղից դուրս բերելու համար։ Այս անտեղի հայտարարությունն անմիջապես տարածվեց ադրբեջանական լրատվամիջոցներով, որոնք հրապարակեցին Արցախ հասնելու այլընտրանքային երթուղու քարտեզը՝ սպառնալով ռմբակոծել այդ ճանապարհը և աշխարհին ասելով, որ Արցախի շրջափակում չկա։
 
Բացի Ադրբեջանից, Լաչինի միջանցքի շրջափակման համար մեղավոր է նաև Ռուսաստանը, քանի որ նա է պատասխանատու միջանցքը բաց պահելու համար՝ համաձայն 2020 թվականի պատերազմի ավարտին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ստորագրած համաձայնագրի։ Ռուս խաղաղապահները չպետք է թույլ տային, որ ադրբեջանական խուժանը հասներ միջանցք, ուր մնաց փակեր այն։ Ավելին, 120 հազար արցախահայերը դանդաղ սովամահ լինելու փոխարեն պետք է բռնի ուժով հեռացնեին ադրբեջանական ամբոխին ու բացեին միջանցքը։
 
Շրջափակման պատասխանատվության իր բաժինն ունի Հայաստանի իշխանությունը։ Արցախի ղեկավարներին ասելով, որ իրենց վեճը լուծելու համար ուղղակիորեն գործ ունենան Ադրբեջանի հետ, Հայաստանի ղեկավարները լվացել են իրենց ձեռքերը Արցախից՝ Արցախին միայնակ թողնելով դիմակայելու ադրբեջանական հզոր թշնամուն, թեև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ինքն է Արցախի անվտանգության երաշխավորը։
 
Ի վերջո, սփյուռքահայ համայնքները, խաղաղ ցույցեր անելու փոխարեն, պետք է շրջապատեն Ադրբեջանի հյուպատոսություններն ու դեսպանատներն ամբողջ աշխարհում՝ թույլ չտալով ադրբեջանցիներին ելումուտ անել այդ շենքեր, ինչպես որ նրանք են արգելափակել Լաչինի միջանցքը։
 
Հարութ Սասունյան
 
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական