Մոտ ապագայում կտեղեկացնեմ նոր պաշտոնի մասին. Նազելի Բաղդասարյան


Մոտ ապագայում կտեղեկացնեմ նոր պաշտոնի մասին. Նազելի Բաղդասարյան

  • 26-01-2023 19:08:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր պետական պաշտոն ունի սկիզբ և ավարտ»:
 
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
 
«Սեփական նախաձեռնությամբ եմ հրաժարական գրել և տեղափոխվել մասնագիտական ոլորտ, որը տևական ժամանակ քննարկվում էր, և թերևս սրանով է պայմանավորված: Երեք տարի եղել եմ օրենսդիր մարմնում, և մեկ տարուց մի փոքր ավելի գործադիրում աշխատանքը բազմաթիվ հմտություններ և նոր հնարավորություններ է տվել, բայց կարծում եմ՝ հետայսու իմ հնարավորությունները, գիտելիքները և հմտությունները կծառայեցնեմ այլ բնագավառում՝ ի նպաստ Հայաստանի»,- նշեց Բաղդասարյանը:
 
Վերջինս խուսափեց այս փուլում խոսել նոր պաշտոնի մասին. «Կարծում եմ՝ շատ սեղմ և մոտ ապագայում պաշտոնապես կտեղեկացնեմ նոր պաշտոնի մասին, այս պահին քննարկումների փուլում է»:
 
Լրագրողի այն հարցին, թե Շիրակի մարզում չորս տարում չորս մարզպետ փոխվեց, արդյո՞ք ինչ-որ խնդիրներ կան մարզում, ասում են, օրինակ, Անի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ի պարտությունն է պատճառ դարձել, որ իշխող թիմը որոշի՝ պետք է հեռանաք: Լրագրողի նշած մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ հրաժարականը Բաղդասարյանի եղբոր քրեական գործի հետ առնչություններ ունի: Վերոնշյալ հարցերին Բաղդասարյանը պատասխանեց:
 
«Անի համայնքում առաջիկայում ընտրություններ են, և ՔՊ-ն հիմա ունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ի՞նչ պարտության մասին է խոսքը: Սա արձանագրենք: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ վերաբերում է Գյումրու ավագանու անդամ, իմ եղբայր Արման Բաղդասարյանին, ապա նա հասուն քաղաքացի է, ունի իր դիրքորոշումը: Իսկ այն թեզերը, որոնք տարածվեցին՝ կապված իր բերման ենթարկվելու հետ, ոստիկանությունը պարզաբանում է տվել, որ որևէ բան չեն գտել, մարդիկ իրենց գործողություններն են իրականացրել»,- նկատեց Շիրակի նախկին մարզպետը:
 
Խոսելով նոր մարզպետ Մուշեղ Մուրադյանի մասին՝ վերջինս նշեց, որ որոշումը կայացվել է Կառավարությունում, քննարկվել՝ վարչությունում. «Պարոն Մուրադյանը աշխատանքային փորձ ունի Շիրակի մարզպետարանում. աուդիտի բաժնում է աշխատել: Հիմա էլ առանձին միավորում Արփի ազգային լիճն է ղեկավարում: Որքան հիշում եմ, պարոն Մուրադյանը կուսակցական չէ, բայց ցանկացած պարագայում մարդուն միշտ պետք է հնարավորություն տալ՝ իր հմտությունները ծառայեցնելու»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play