Քննարկվել է թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը


Քննարկվել է թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը

  • 03-02-2023 13:28:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ՝ քննարկելու թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման և զարգացման  հնարավորությունները: 
 
Նոր մոդելով առաջարկվում է ստեղծել Թանգարանների կառավարման հիմնադրամ, որը կիրականացնի թանգարանների կառավարման և առաջխաղացման, մասնավորապես՝ կազմակերպատնտեսական, անձնակազմի կառավարման, ֆինանսական և հանրահռչակման գործառույթները: Ընդ որում՝ ծառայությունների զգալի մասը նախատեսվում է մրցութային ընթացակարգով արտապատվիրակել մասնավոր ընկերություններին: 
 
Ներկայացնելով թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նոր ինստիտուցիոնալ միավորի ստեղծման հայեցակարգային և ծրագրային առանձնահատկությունները՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է թանգարանների տնօրենների ներգրավվածությունը և գործընթացի արդյունավետ կազմակերպման շրջանակում վերջիններիս կողմից առաջարկների և դիտարկումների ներկայացումը: 
 
Նշվել է, որ կառավարման նոր մոդելը հնարավորություն կտա իրականացնելու թանգարանների կառավարչատնտեսական համակարգված կառավարում մեկ կենտրոնից, վարել ֆինանսական և անձնակազմի ներգրավման ճկուն քաղաքականություն՝ միաժամանակ նպաստելով տնօրենների և մասնագիտական ներուժի գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ իրականացմանը և թանգարանների գիտակրթական գործունեության զարգացմանը։ 
 
Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը ներառվել է ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծում:
Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում են շարունակական քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն