Երևանի բնակարաններ այցելող և համայնքի ծառայությունների տուրքերը հավաքող տեսուչներ այլևս չեն լինի


Երևանի բնակարաններ այցելող և համայնքի ծառայությունների տուրքերը հավաքող տեսուչներ այլևս չեն լինի

  • 14-02-2023 20:13:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԸ՝ ԱՆԿԱՆԽԻԿ
 
Երևանցիների բնակարաններ այցելող և համայնքի ծառայությունների տուրքերը հավաքող տեսուչներ այլևս չեն լինի: Հաստիքները կկրճատվեն, քաղաքացիներն էլ վճարումները կկատարեն միայն անկանխիկ եղանակով:
 
Լևոն Հովհաննիսյան Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ - Ընդհանուր առումով՝ տեսուչների և եկամուտների բաժինների մասով մենք ունենք մոտ 90 անձի կրճատում:
 
ԿՐՃԱՏՎՈՂ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՎԵԼԱՆԱՆ ՆՈՐԵՐԸ. ՆԱԽԱԳԻԾ
 
Կրճատվող հաստիքների մի մասի փոխարեն վարչական շրջաններում կավելանան նորերը, տարեկան կտնտեսվի 4.5 մլն դրամ: Որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստում ներկայացնելիս՝ քաղաքապետի առաջին տեղակալը հայտնեց՝ վարչական շրջաններում կլինեն լրատվամիջոցների հետ կապի պատասխանատուի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով մասնագետի, վարչական շրջանի ղեկավարի օգնականի ու այլ նոր հաստիքներ, կավելացվի նաև փոխքաղաքապետների օգնականների թիվը: Ընդդիմադիրներին հետաքրքրող հարցերն էին՝ ինչով է պայմանավորված օգնականների թվի ավելացումը, և ովքեր են զբաղեցնելու պաշտոնները:
 
Թեհմինա Վարդանյան (Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ) - Եթե սա լիներ նախահեղափոխական շրջանում, նախկին իշխանությունների օրոք, վստահ եմ՝ այս դահլիճի նստած անձանց 50-70%-ն ասելու էր, թե բա՝ փոխքաղաքապետի սիրուհու համար նախատեսված հաստիք է կամ բարեկամի համար նախատեսված հաստիք է:
 
Լևոն Հովհաննիսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ) - Փոխքաղաքապետերի մասով օգնականի ավելացումը՝ 5-7, նախ և առաջ: Կարծում եմ՝ տեսել եք, որ նոր փոխքաղաքապետի պաշտոնի ավելացում կա. դա օրենքի պահանջ է՝ վերջերս ընդունված: Մեր հաստիքացուցակն անպայման պետք է ավելացնեինք օրենքի պահանջով: Մեկ ավելացում էլ կա. առաջին տեղակալի օգնականի: Դա կապված է աշխատանքի ծավալի հետ ու նաև այն հանգամանքի, որ առաջին տեղակալը երբեմն փոխարինում է Երևանի քաղաքապետին:
 
Բուռն քննարկվեց նաև վարչական շրջանների ղեկավարներին օգնական տրամադրելու առաջարկը: Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների որոշ անդամներ, դեմ արտահայտվելով այս դրույթին, նշեցին՝ վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների շրջանակը փոքր է օգնական ունենալու համար: Տեսակետին հակադարձեցին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
 
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Վարչական շրջանները տիրապետում են տարեկան մինչև 4 մլրդ դրամի բյուջեի, չի կարելի ասել, որ վարչական շրջանները ֆունկցիա չունեն, որովհետև Հայաստանում կան խոշորացված համայնքներ, որ այդքան բյուջեին մոտ բյուջե չունեն, նույնիսկ: Մենք վարչական շրջան ունենք՝ մինչև 150 հազար բնակչություն ունեն:
 
Դավիթ Խաժակյան (Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար) - Տարբեր հաստիքներ զբաղեցնող մարդիկ կատարել են այլ գործառույթներ, դա միշտ եղել է, ես այդտեղ մեծ ողբերգություն չեմ տեսնում: Այդպես է եղել՝ հաստիքացուցակ ամեն անգամ չփոխելու իմաստով: Հիմա այն բաները, որոնք միշտ այդպես է եղել, բաներ կան, որ մենք գիտենք, հանրությունը չգիտի, որովհետև անմիջական աշխատում ենք, հիմա այդ ամենը կարգավորվում է, բերվում է իր հստակ դաշտ: Հիմա, եթե այդ թաղապետը չունենա օգնական, չի գտնելու մի հաստիք թափուր կամ ոչ թափուր, որտեղ կբերի այն մարդուն, որ կկատարի օգնականի գործառույթ:
 
Շուրջ 2 ժամ տևած քննարկումից հետո նախագիծն ընդունվեց մեծամասնության կողմ ձայներով:
 
Օրակարգի հաջորդ հարցով ավագանին որոշեց Արցախի և Հայաստանի պաշտպանության համար զոհվածների, գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների անդամներին, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին ազատել Երևանում բնակելի շինությունների ու փոխադրամիջոցի գույքահարկի 2021 և 2022 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունների և տույժի վճարումից:
 
Արման Ջհանգիրյան (Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար) - Ընդհանուր գումարը կազմում է 9 մլն 531 հազար 611 դրամ: Արտոնությունը տրամադրվելու է թվով 1739 քաղաքացու:
 
Նիստի վերջին հարցով էլ ավագանին հավանություն տվեց Երևանի 3 անանուն փողոց անվանակոչելու նախագծին. դրանք կկրեն ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի, հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի և դրամատուրգ Ժիրայր Անանյանի անունները:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play