Արցախում Վիտալի Բալասանյանի առնչությամբ քրեական գործ է հարուցվել


Արցախում Վիտալի Բալասանյանի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

  • 15-02-2023 20:29:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախում քրեական գործ է հարուցվել, որն առչնվում է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, «Ազատությանն» այսօր հայտնեցին Արցախի դատախազությունից՝ առանց հստակեցնելու, թե ինչ քրեական գործ է դա, ու արդյոք մեղադրանք առաջադրվել է Բալասանյանին։
 
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանն ասաց, որ նախաքննության գաղտնիությունն է պատճառը, և այս պահին նպատակահարմար չեն գտնում գործի մանրամասները հրապարակել։
 
«Ազատությանը» դեռ չի հաջողվում կապվել նաև հենց Բալասանյանի հետ՝ պարզելու, թե Արցախի իրավապահներն ինչ գործ են հարուցել, ինչ տեսակետ ունի դրա վերաբերյալ բարձրաստիճան նախկին պաշտոնյան։
 
«Առաջադրում եմ հետևյալ խնդիրները. առաջին, ավելացնել գործադրվող ջանքերը Արցախում իրավական անվտանգության, իրավակարգի պաշտպանության մակարդակը որակապես նոր հարթություն հասցնելու ուղղությամբ», - հանձնարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
 
Արդյո՞ք Բալասանյանի առնչությամբ հարուցված քրեական գործը որևէ կապ ունի նախագահ Հարությունյանի բարձաձայնած չարաշահումների հետ։ Արցախի դատախազությունից այս հարցը դարձյալ անպատասխան թողեցին՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։
 
Արայիկ Հարությունյանն անցած շաբաթասկզբին իրավապահների հանձնարարել էր բացահայտել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀԷԿ-երի որոշ սեփականատերի կողմից հնարավոր չարաշահումները, նաև՝ գտնել Արցախի ներդրումային ու գյուղաջակցության հիմնադրամների գումարները փոշիացրած անձանց ու պետությանը պատճառած վնասը վերականգնել. - «Կարծում եմ, որ չի կարող լինել որևէ պաշտոնյա կամ պետական մարմին, ով կարող է խոչընդոտել պետությանը պատճառած վնասները վերականգնելու, հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործին։ Այս գործընթացը լինելու է իմ վերահսկողության, և ինչու չէ, նաև մեր ողջ հասարակության դիտարկման տակ»։
 
Արցախի դատախազությունից հայտնեցին միայն, որ քրեական գործեր կան նաև այլ պաշտոնյանների առնչությամբ՝ առանց անուններ նշելու։
 
«Ես, որպես պատգամավոր, որ կարողանամ տեղյակ լինել մանրամասներին, պիտի հարցում ուղարկեմ դատախազություն, դա բավականին երկար ժամանակ է մինչև պատասխանեն», - «Ազատությանն» ասաց Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
 
Երևի թե այդ ընթացքում ինչ-որ պաշտոնական տեղեկություն կարողանանք ունենալ։ Այս պահի դրությամբ չունեմ որևէ լուր, թե ինչի կապակցությամբ կամ ինչ պատճառով է հարուցված գործը, կամ վարույթ կա, թե ոչ արդեն», -
 
Նրա խոսքով, այս գործելաոճն արդեն նորություն չէ իրենց համար։ Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն վարկաբելու Արցախի հերոսին. - «Քանի դեռ կան այս իշխանությունները, հայկական երկու պետություններում կա Նիկոլ Փաշինյան և Արայիկ Հարությունյան, որոնք գլխավոր մեղադրյալները պիտի լինեին, և որոնց վրա պիտի բազմաթիվ քրեական գործեր հարուցված լինեին առ այսօր, և իրենք պիտի վաղուց անազատության մեջ լինեին... Քանի դեռ իրենք ազատության մեջ են, հերոսները լինելու են անազատության մեջ։ Ես չեմ էլ կասկածում դրանում»։
 
Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցությունը 2020-ի ընտրություններում Վիտալի Վալասանյանին էր առաջադրել նախագահի թեկանածու։ Հակոբյանը հստակեցնում է՝ իրենք թիմակիցներ չեն։
 
63-ամյա Վիտալի Բալասանյանը պաշտոնից ազատվեց այս տարվա հունվարին։ Պաշտոնապես այդպես էլ չհստակեցվեց նրան պաշտոնանկ անելու պատճառը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play