Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է
հայտնել հեռուստասերիալների եւ գովազդների որակի կապակցությամբ
10-02-2009 19:12:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու
իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարի 10-ի
հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել Հանրային եւ մասնավոր
հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակվող սերիալների եւ
գովազդների որակի ու բովանդակության եւ հատկապես ձեւավորման
փուլում գտնվող անչափահասների վրա դրանց բացասական ազդեցության
կապակցությամբ:
«Ակնհայտ է, որ վերջին ժամանակները հայաստանյան տարբեր
հեռուստաալիքներ ցուցադրում են ցածրորակ սերիալներ, որոնք
փողոցային ժարգոնով ու հայհոյանքներով են համեմված եւ գովազդում են
հանցագործ աշխարհի օրենքներով ապրելը: Չի պահպանվում եթերի
գրագիտությունը եւ բարոյականությունը: Մեր հասարակությունը, եւ
հատկապես նրա խոցելի խումբ հանդիսացող մեր երեխաները ստիպված են
այսօր դիտել գռեհիկ, ապադաստիարակչական հեռուստաարտադրանք, ցինիկ
հեռուստագովազդներ»,- ասված է հայտարարությունում:
Ըստ Ա.Հարությունյանի, պակաս մտահոգիչ չէ, որ եթերում
ցուցադրվում են նաեւ դաժան տեսարաններով եւ բռնություններով լի
հեռուստաֆիլմեր, որոնք զուգորդվում են հոգեբանական տեռորով,
արժանապատվության վրա հիմնված արժեհամակարգի խարխլումով: Այս
ամենը, ինչպես նշում է Մարդու իրավունքների պաշտպանը, բնականաբար
ծանր հոգեբանական ազդեցություն է ունենում հատկապես երեխաների վրա,
նրանց մեջ սերմանում ընկճվածություն, անելանելիության
զգացողություն, անհանդուրժողականություն, ագրեսիվություն եւ այլ
բացասական որակներ:
«Փաստորեն, բարոյադաստիարակչական ազդեցություն ունենալու,
մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք սերունդների մեջ
արմատավորելու փոխարեն, նմանատիպ ֆիլմերը, գովազդները ըստ էության
հակառակ ազդեցությունն են ունենում: Չկենտրոնանալով որեւէ
հետուստաընկերության վրա, որպես օրինակ ցանկանում եմ նշել
մամուլում բազմիցս քննարկված «Որբերը» հեռուստասերիալը»,- ասված է
Ա.Հարությունյանի հայտարարությունում:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր
հեռուստաընկերություններին եւ նրանց գործունեությունը վերահսկող
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին միջոցներ
ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ: