Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան


Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան

  • 17-02-2023 11:42:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների հարաբերություններում «միշտ խաղաղություն կտիրի»։
 
Ռուբինյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ օրերս այցելել էր Թուրքիայի աղետի գոտի և տեղում տեսել Թուրքիայի Ադըյաման նահանգում հայկական որոնողափրկարարական խմբի աշխատանքը։ 
 
Թուրքական Anadolu գործակալության  հետ զրույցում քաղաքական գործիչն ասել է, որ Հայաստանը հետևում է իրավիճակին աղետի գոտում, սակայն տեղում հայկական պատվիրակությանը բախվել է ավերածությունների շատ ավելի մեծ պատկերի, քան ներկայացվում է համացանցում:
 
«Աղետի առաջին իսկ օրվանից մենք որոնողափրկարարական խումբ ենք ուղարկել Թուրքիա։ Բացի այդ, մարդասիրական ուղևորություններ են իրականացվել հայ-թուրքական սահմանով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հարկ համարեցինք անձամբ գալ այստեղ և հայտնել մեր ցավակցությունն ու աջակցությունը»,- ասել է Ռուբինյանը։
 
Նրա խոսքով՝  երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։
 
Միաժամանակ Ռուբինյանը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ հնարավոր ամբողջական աջակցություն ցուցաբերել Թուրքիային։ «Այսօր, ցավոք, մի ողբերգական դեպք մեզ համախմբեց, բայց հույս ունենք, որ մի օր միասին կլինենք և ուրախ պահերին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հուսով եմ, որ այսուհետ մեր միջև միշտ խաղաղություն կտիրի»,- ասել է Ռուբինյանը։
 
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թեմային՝ Ռուբինյանը շեշտել է, որ դա առաջին հերթին կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, երկրորդ հերթին՝ տնտեսական համագործակցություն, ինչպես նաև փոխգործակցություն այլ ոլորտներում։
 
Նրա խոսքով՝ հաջորդ բանակցությունների ժամկետը դեռ որոշված չէ։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ Հայաստանն ու Թուրքիան կապող կամուրջը բացվել է ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ։
 
Փետրվարի 8-ից թուրքական Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է Հայաստանից որոնողափրկարարական խումբը՝ բաղկացած 28 հոգուց։
 
Փետրվարի 11-ին և 15-ին Հայաստանի իշխանությունները երկու անգամ մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկել Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։ 1988 թվականից ի վեր առաջին անգամ հայկական մեքենաներ են անցել Իգդիր նահանգի Ալիջան անցակետով, Մարգարայի կամրջով:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play