Երևանում գրքային տոն էր. Տեղի ունեցավ Winter Fest 2023 գրքի փառատոնը
21-02-2023 14:32:26 | Հայաստան | Մշակույթ
Գրքի տոնին ընդառաջ Երևանում տեղի ունեցավ Newmag հրատարակչության Winter Fest գրքի փառատոնը։ Փառատոնը համախմբել էր հազարավոր գրքասերների, մի շարք հեղինակների ու գրականագետների՝ ներկայացնելու նոր բեսթսելերներ, խոսելու գրքերից ու գրականությունից և մեկնարկելու գրական նոր համագործակցություններ։
Արդեն երկրորդ անգամ անցկացվող այս փառատոնը յուրահատուկ էր իր ձևաչափով, խոստացված անակնկալներով ու նորույթներով։ Փառատոնի շրջանակում ներկայացվեց 5 նոր գիրք, կնքվեցին գրական համագործակցություններ ազդարարող 5 հուշագրեր և հայ լսարանին ներկայացվեց աշխարհահռչակ շանսոնյե՝ Շառլ Ազնավուրի հայերեն թարգմանությամբ 5-րդ երգը։
Newmag-ի գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, անդրադառնալով փառատոնի նպատակին, նշեց.
«Արդեն 2-րդ անգամ անցկացվող ձմեռային փառատոնի նպատակն է ոչ միայն գրքասերներին ծանոթացնել մեր նոր գրքերին ու նոր հեղինակներին, այլև փորձել երկրում ձևավորել գրքասերների համայնք: Գրքի մեր փառատոնները դարձել են ավանդույթ, սպասված օրեր. մարդիկ հստակ գիտեն՝ այդ օրը գալու են խոսեն ու լսեն գրականության մասին, անմիջական շփում ունենան հեղինակների հետ»։
Արտակ Ալեքսանյանն արձանագրում է՝ «Այս փառատոնն առանձնանում էր այցելուների մեծ թվով, նաև ռեկորդային են ձեռք բերված գրքերի ցուցանիշները».
«Օրինակ՝ 5 նոր գրքի առաջին տպաքանակները սպառվեցին հենց այդ օրը: Այս անգամ Newmag-ը ներկայացրեց նաև բացառիկ հրատարակություն, որը յուրահատուկ գործ կարելի է համարել հայկական գրահրատարակչական ոլորտում՝ Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմություն» կոմիքսների առաջին հատորը»։
Գրքի փառատոնին ներկայացված անակնկալները սրանով չեն սահմանափակվել։ Փառատոնն ուներ նաև գլխավոր հյուր՝ արգենտինահայ անվանի գրող Մագդա Թախտաճյանը, ու հենց Newmag Winter Fest-ի շրջանակում էլ նա ներկայացրեց իր «Ռոջավա» գրքի հայերեն հրատարակությունը։
Փառատոնին կներկայացվել են նաև Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը, Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը» գիրքը, «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գիրքը՝ պատմաբան Նաիրա Սահակյանի հեղինակությամբ։
Շառլ Ազնավուրի՝ հանրահայտ «Վենետիկն է տխուր» երգի թարգմանված տարբերակի պրեմիերան ևս տեղի ունեցավ գրքի փառատոնի ընթացքում։ Սա Newmag-ի թարգմանությամբ Ազնավուրի թվով 5-րդ երգն է։
Ինչպես նշում են փառատոնի կազմակերպիչները՝ ամեն տարի հայ լսարանի կողմից ցուցաբերվող մեծ հետաքրքրությունն ու սերը գրքերի նկատմամբ ոգեշնչում են փառատոնն ավելի մասշտաբային, հետաքրքիր ու տարբերվող դարձնելու համար։