Արցախի «ապագան» Ադրբեջանի սահմանադրության համատեքստում


Արցախի «ապագան» Ադրբեջանի սահմանադրության համատեքստում

  • 23-02-2023 15:25:10   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ԱՄՆ-ի անկախության Հռչակագրի ներածական մասում նշվում է.
 
[…] երբ չարաշահումների և բռնությունների երկար շարանը վեր է հանում ժողովրդին բացարձակ բռնապետությանը ենթարկեցնելու ձգտում, ապա ժողովրդի իրավունքը և պարտականությունն է հեռացնել այդպիսի կառավարությանը և ստեղծել իր ապագա անվտանգության ապահովման նոր երաշխիքներ։
 
Նախապես ասեմ, որ ես ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ։ Ես ՀՀ այն քաղաքացիներից եմ, ով չի հեռացել, մնացել է իր երկրում, անկախ ամեն ինչից։
 
 Որևէ ցանկություն չունեի կրկին ինչ որ բան գրել։ Սակայն մյունխենյան  հանդիպումներից, Ալիևի կողմից առաջ քաշված պահանջներից և մեր կողմից դրանց իրականացմանն ուղղված քայլերից հետո, ակամայից ինձ մոտ առաջացան հախուռն մտքեր, թե արդյոք այս գրեթե 2,5 տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներից, հակառակ կողմի օրեցօր բացվող ախորժակի, միջազգային հանրության գրաված կրավորական կեցվածքից հետո հնարավոր է ինչ որ բանի  շուրջ բանակցել։ Կամ մեր բանագնացներն ու քաղաքագետները կարդացել են արդյոք՞ Ադրբեջանի հանրապետության Սահմանադրությունը, բանակցությունների սեղանին դրվել է արդյոք առաջինը  այն փոփոխելու հարցը, քանի որ դրանից է կախված Արցախի հանրապետության և նրա քաղաքացիների գոյության հարցը։ Իմ կարծիքով, եթե ուսումնասիրած լինեին Ադրբեջանի հանրապետության Սահմանադրությունը, ապա իրենց համար պարզ կլիներ, որ Ալիևը  պաշտպանում է իր երկրի Սահմանադրությունը,  խոսում է՝ ելնելով դրա նորմերից և չի շեղվում այդ ճանապարհից։ Իսկ մենք՞։ 
 
Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության միայն հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ Արցախի հանրապետությունը և արցախահայությունը Ադրբեջանի հանրապետությունում, որպես ինքնուրույն քաղաքական միավոր որևէ կարգավիճակով և ընդհանրապես չեն կարող գոյություն ունենալ։ Որպես հիմնավորում բավական է վերլուծել Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության մի քանի հոդված և պատկերը պարզ կլինի։ 
 
Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասը սահմանում է․ <<Ադրբեջանի հանրապետությունում պետական իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է Ադրբեջանի ժողովուրդը>>։ Նույն հոդվածի 2-րդ մասը ասում է, թե ումից է կազմված Ադրբեջանի ժողովուրդը․<< Ադրբեջանի ժողովուրդը կազմված է Ադրբեջանի քաղաքացիներից ովքեր ապրում են Ադրբեջանի հանրապետության տարածքում, կամ նրա սահմաններից դուրս․․․․․>>։Վերը նշված հոդվածից ակնհայտ է, որ արցախահայությունը Ադրբեջանում որևէ իրավունք՝ այդ թվում ընտրելու և ընտրվելու՝ չունի, հայտարարված է օրենքից դուրս, քանի դեռ չի ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ 
 
Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է ժողովրդի միասնականության սկզբունքը, մասնավորապես․ << Ադրբեջանի ժողովուրդը միասնական է։   Ադրբեջանի ժողովրդի միասնականությունը հանդիսանում է Ադրբեջանական պետության հիմքը։ Ադրբեջանը հանդիսանում է  Ադրբեջան –ի բոլոր քաղաքացիների ընդհանուր և անբաժանելի հայրենիքը>>։Վերը նշված հոդվածի վերլուծությունից ակնհայտ է, որ մեծ ցանկության դեպքում էլ միայն Արցախում որևէ հանրաքվե չի կարող անցկացվել ելնելով  <<ԱՀ-ն հանդիսանում է  ԱՀ –ի բոլոր քաղաքացիների ընդհանուր և անբաժանելի հայրենիքը>> սահմանադրական սկզբունքից։ Ավելին       Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը արդեն իսկ օրենքից դուրս է դնում Արցախի հանրապետությունում ձևավորված պետական իշխանության մարմինները, համարելով այն ժողովրդի դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, սահմանելով․<<Ադրբեջանի ժողովրդի ոչ մի մասը, ոչ մի սոցիալական խումբ, կամ կազմակերպություն, ոչ մի անահատ չի կարող յուրացնել իշխանության իրականացման  լիազորությունները։ Իշխանության յուրացումը ծանրագույն հանցագործություն է ժողովրդի դեմ։>>։
 
Ձեր ուշադրությունը հրավիրեմ Ադրբեջանի Սահմանադրությամբ սահամանված ևս երկու հանգամանքների վրա, որոնք ի չիք են դարձնում  արցախահայության ինքնորոշման իրավունքը։ 
 
Առաջինը դա Ադրբեջանի Սահմանադրության գլուխ 8-ն է, որով սահմանված է Նախիջևանի ավտոնոմ հանրապետության ստատուսը և գլուխ 9-ն, որով սահմանված են տեղական ինքնակառավարման մարմինների մասին դրույթները։Այսինքն Արցախ գոյություն չունի և չի էլ կարող ունենալ,  Ինչը հետևողականորեն առաջ է տանում Ալիևը։
 
Եթե մեր սահմանադրագետները և քաղաքագետները հիմնավոր վերլուծեն Ադրբեջանի  Սահամանադրությունը, վստահ եմ, որ կհանգեն մեկ եզրակացության՝ վարվող բանակցությունները անպտուղ են, իսկ հետևանքները կործանարար։
 
Իմ կարծիքով , եթե իրոք ուզում ենք սատար կանգնել Արցախի հանրապետությանը, ապա ելքը մեկն է՝ ղեկավարվել անջատում հանուն փրկության սկզբունքով, ճանաչել Արցախի հանրապետությունը և տեր կանգնել արցախահայության իրականացրած թավշյա ապստամբությանը։
 
Վաղը ուշ կլինի։
                                                                                                                                 
Հայկ Հովսեփյան
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն