Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հունաստան
03-03-2023 15:13:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Հունաստան։ Այդ մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետը։
Որոշման մեջ ասված է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մարտի 9-ին գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք):
2. Պատվիրակության անդամների՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ապահովել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»։