Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան
15-03-2023 15:11:01 | Հայաստան | Վերլուծություն
Ի՞նչ կետեր են ներառվել զեկույցում եւ ի՞նչ ուղերձ է փոխանցում Եվրոպական խորհրդարանը․Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Զեկույցը հատկացվել է ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին․ուշագրավ է որ ԵՄ-ը քննադատում է Ադրբեջանին եւ ընդգծում, որ Ադրբեջանի հետ քաղաքական և էներգետիկ ոլորտում գործընկերությունը խորացնելուց առաջ Ադրբեջանը պետք է բարելավի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակը, որը դեռ գնահատվում է շատ բացասական: Բացասական անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում առկա կոռուպցիային, կանանց դեմ բռնություններին, խոսքի ազատության սահմանափակումներին:
Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին եւ հայ-ադրբեջանական հակամարտությանը փաստաթղթում հիշատակվել է Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, քաղաքացիական անձանց, արտադատական հաշվեհարդարները, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման գործում Ադրբեջանի իշխանությունների ներգրավվածությունը։ Դատապարտվել է ադրբեջանկան ագրեսիան եւ ներխուժումը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներ։
Երկիմաստության առումով արագորեն նկատելի է երկու կետ․նախ այն, որ հղում կատարվել է ԵԱՀԿ-ի հելսինքյան եզրափակիչ ակտին, ազգերի ինքնորոշման իրավունքին և մի այլ տեղ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգույթուն եւ իրավունքներ» եզրը։
Երկրոդ կետը այն է, որ սեպտեմբերյան ներխուժումը դատապարտելուց, կոչ է անում «բոլոր ուժերին» ելման կետեր վերադառնալու։ Այստեղ բանաձևը զինված ուժերի հայելային հետքաշման մասին է, հասցէականություն ներառելով հանդերձ։
Հիմնական ուղերձը՝ ԵՄ-ի հարավային Կովկասում աշխուժ դերակատարության ստանձնմանն է վերաբերում։
Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը և ավելի լայն իմաստով ազդում է Եվրոպական կայունության վրա: Իսկ դրա համար էլ ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում։
Զեկույցը նախապատրաստումի ենթահող է հարթում բրյուսելյան միջնորդության վերագործարկմանը։