ԱՄՆ-ը կողմ է Ռուսաստանի հետ ուղիղ կապին՝ էսկալացիայի վտանգը նվազագույնի հասցնելու համար. Սպիտակ տուն
17-03-2023 14:02:48 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ԱՄՆ իշխանությունները պատրաստակամ են Ռուսաստանի ղեկավարության հետ կապի ուղիղ միջոց պահպանել՝ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու սարքի կործանման պատճառով էսկալացիայի վտանգը նվազեցնելու համար:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը;
«Մենք ակնհայտորեն չենք ցանկանում զինված հակամարտություն Ռուսաստանի հետ, կողմ ենք կապի ուղիղ միջոցներին՝ էսկալացիայի վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով»,-ասել է նա՝ հավելելով, որ Նահանգները շարունակելու է օգտվել միջազգային օդային տարածքում թռիչքների իր իրավունքներից:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է Ռուսաստանի կողմից Սև ծովի վրա կիրառված ավիացիոն սահմանափակումներին և հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի թռիչքներն այդ տարածքում: Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ անօդաչու թռչող սարքը հայտնվի որևէ այլ երկրի ձեռքում:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը մարտի 14-ին հայտնել էր, որ Սև ծովի տարածքում ռուսական Սու-27 կործանիչը բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, բախումից հետո անօդաչուն ընկել է ջուրը։ Որոշ հրապարակումների համաձայն՝ ամերիկյան ԱԹՍ-ն խոցել են ռուսական կործանիչները:
Եվրոպական հրամանատարությունը նաև նշել է, որ անօդաչու սարքը «սովորական գործողություններ» է կատարել Սև ծովի տարածաշրջանի միջազգային օդային տարածքում, և միջադեպը հանգեցրել է վթարի ու ընդհանուր կորստի:
Տեղի ունեցած օդային միջադեպից հետո ԱՄՆ պետքարտուղարություն է կանչվել Վաշինգտոնում ՌԴ դեսպանը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկ օր անց հանդես է եկել Սև ծովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարությամբ՝ հերքելով ամերիկյան կողմի պնդումը իր անօդաչու թռչող սարքի՝ ռուսական կործանիչների կողմից խոցվելու մասին:
ՌԴ ՊՆ-ն միաժամանակ նշել է, որ ամերիկյան ԱԹՍ-ն ինքն է կորցրել կառավարումն ու բախվել Սև ծովի ջրերին:
Ավելի վաղ ԱՄՆ և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև շտաբի պետեր Մարկ Միլին և Վալերի Գերասիմովը հեռախոսազրույցներ են ունեցել միջադեպի վերաբերյալ։