Աշխարհում 2022-ին պահպանվել է մոբայլ սպառնալիքների ակտիվության անկման միտումը


Աշխարհում 2022-ին պահպանվել է մոբայլ սպառնալիքների ակտիվության անկման միտումը

  • 28-03-2023 11:54:15   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: «Կասպերսկի» ընկերության մոբայլ լուծումները 2022-ին հայտնաբերել են վնասաբեր կամ անցանկալի ծրագրերի տեղադրման 1 661 743 փաթեթներ, ինչը 1 803 013-ով պակաս է նախորդող տարվա ցուցանիշից։ Ընկերության տվյալներով՝ 2020-ի աճից հետո հայտնաբերվող տեղադրման փաթեթների քանակն աստիճանաբար անկում է ապրում։ Մոբայլ գրոհների քանակը 2021-ի երկրորդ կեսի անկումից հետո կայունացել է և ամբողջ 2022-ի ընթացքում պահպանվել մոտավորապես նույն մակարդակի վրա։
 
Նշվում է, որ Malware դասի մոբայլ սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի մասնաբաժնով անցյալ տարի առաջատար է դարձել Չինաստանը (17,70%), որին հաջորդել են Սիրիան (15,61%) և Իրանը (14,53%):
 
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2022-ին մոբայլ օգտատերերի վրա ամենաշատ գրոհներն իրականացվել են վնասաբեր ծրագրերի օգտագործմամբ (67,78%)։ Ընդ որում, գովազդային հավելվածների (Adware) և RiskWare դասի հավելվածների կիրառմամբ գրոհների մասնաբաժինն աճել է, համապատասխանաբար, մինչև 26,91% (2021-ի 16,92%-ի դիմաց) և 5,31% (2021-ի 2,38%-ի դիմաց)։
 
2022-ին «Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 196 476 փաթեթ, ինչը կրկնակի գերազանցում է 2021-ի ցուցանիշը և առավելագույնն է վերջին վեց տարիների ընթացքում: Թեև 2022-ին վնասաբեր ծրագրերի տեղադրման փաթեթների թիվն աճել է, մոբայլ բանկային տրոյացիների գրոհների քանակը շարունակում է նվազել՝ 2020-ի կտրուկ աճից հետո: Անցյալ տարի ամենից շատ մոբայլ բանկային տրոյացիները գրոհել են Իսպանիայի (1,96%), Սաուդյան Արաբիայի (1,11%) և Ավստրալիայի (1,09%) օգտատերերին:
 
Հայտնաբերվել է նաև մոբայլ շորթող տրոյացիների տեղադրման 10 543 փաթեթ, ինչը 6 829-ով պակաս է 2021 թվականի ցուցանիշից: Մոբայլ շորթող տրոյացիների գրոհների քանակը նույնպես շարունակել է անկում ապրել, որը չի դադարում 2021-ի վերջից։ Մոբայլ շորթող տրոյացիների գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ մասնաբաժինը 2022-ին եղել է Չինաստանում (0,65%), Եմենում (0,49%) և Ղազախստանում (0,36%)։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ