Միջադեպ ԱԺ-ում՝ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ դաշնակցական պատգամավորը բերման է ենթարկվել


Միջադեպ ԱԺ-ում՝ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ դաշնակցական պատգամավորը բերման է ենթարկվել

  • 31-03-2023 13:44:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջև։
 
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։
 
«Տեղի է ունեցել քննարկում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, հրավիրված է եղել նաև Եղիշե Կիրակոսյանը, ներկայացրել է իր գործունեությունն, անելիքները, քննարկման ընթացքում, բնականաբար, և՛ բանավեճ, և՛ քննարկումներ են տեղի ունեցել, որի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն, առանց որևէ հիմնավորման, դրդապատճառի, բառիս ուղիղ իմաստով, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել է մարմնական վնասվածք հոնքի հատվածում, անհրաժեշտ է բժշկական միջամտություն, կարեր դնելու անհրաժեշտություն կա։ Մենք հրավիրել ենք ոստիկանությանը, դիմել ենք դատախազություն», - «Ազատությանն» ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Մհեր Սահակյանը հարվածելուց անմիջապես հետո վազելով փախել է սնեյակից, թաքնվել է Ազգային ժողովի որևէ մի անկյունում, հիմա ոստիկանությունը նրան է փնտրում»։
 
Սահակյանի հետ խոսել «Ազատությանը» դեռ չի հաջողվել։
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Մհեր Սահակյանին ոստիկանները բերման են ենթարկել Արաբկիրի բաժին, այլ հարցերի չպատասխանեց։
 
Դիտարկմանը, թե ՔՊ-ականների խոսքով, Մհեր Սահակյանն է հարձակվել Վլադիմիր Վարդանյանի վրա, Սիմոնյանն արձագանքեց, թե տեղյակ չէ։
 
Գայանե Սարիբեկյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play