Միջազգային հանրությունը պետք է շարունակաբար մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա. Խանդանյան


Միջազգային հանրությունը պետք է շարունակաբար մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա. Խանդանյան

  • 03-04-2023 19:41:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի հետ:
 
«Ձեր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական փոխգործակցության խորացմանը եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը»,-ասել է Խանդանյանը:
 
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2024 թվականին լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում հայ-խորվաթական հարաբերությունները հետեւողականորեն զարգացել են եւ հույս հայտնել, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ դրանք ավելի կամրապնդվեն եւ կխորանան:
 
Խորհրդարանականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը` նշելով. «Այդ գործողությունների հետեւանքով ԼՂ բնակիչները մոտ չորս ամիս է` զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից: ԼՂ-ն կանգնած է պարենային եւ հումանիտար աղետի վերահաս վտանգի առջեւ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներեւ է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրը հասցեագրելու եւ այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլեւ հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի` Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին»:
 
Սարգիս Խանդանյանը հյուրերին տեղեկացրել է, որ Ադրբեջանի այս գործողությունը դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի, բազմաթիվ ազգային խորհրդարանների, ԵՄ, ԱՄՆ եւ միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտների կողմից, սակայն Ադրբեջանը հաշվի չի առնում մեր գործընկերների հորդորները:
 
Նրա խոսքով Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:
 
Սարգիս Խանդանյանը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունն ապահովելու տեսանկյունից կարեւորել է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը:
 
Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրը կարեւորել է հայ-խորվաթական հարաբերությունները եւ նշել. «Խորվաթիան ԵՄ-ում երիտասարդ անդամ է եւ հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները` մենք կարեւորում են տարածաշրջանում խաղաղության հաստատումը»:
 
Պատվիրակության անդամ Դոմագոյ Հայդուկովիչի խոսքով իրենք կարեւորում են հայ ռազմագերիների եւ գերեվարված այլ անձանց շուտափույթ վերադարձը, ինչպես նաեւ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման խնդրով:
 
Հյուրերը շնորհակալություն են հայտնել հանդիպման համար եւ նշել, որ նման հանդիպումներն ու փոխայցելությունները շարունակական բնույթ կկրեն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play