Ադրբեջանցիները թույլ չեն տվել Գորիսից Արցախ տեղափոխել մոտ երեք տասնյակ քաղաքացիների


Ադրբեջանցիները թույլ չեն տվել Գորիսից Արցախ տեղափոխել մոտ երեք տասնյակ քաղաքացիների

  • 05-04-2023 10:23:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երեկ ռուս խաղաղապահները փորձել են Հայաստանի Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել 27 քաղաքացիների, ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
 
Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է չորս կանանց ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահներն ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը, և չորս քաղաքացիները տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն, և նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Կանանց կյանքին վտանգ չի սպառնում:
 
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, իր հերթին, գիշերը հաղորդել է. - «Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ:
 
Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս»։
 
Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը, նշում է Արցախի օմբուդսմենը:
 
«Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս», - ասված է հաղորդագրությունում:
 
«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը», - իր հերթին, գրել է Արցախի պետնախարարը:
 
Ադրբեջանական կողմը, մինչդեռ, գիշերը հաղորդել է միայն, թե ռուսաստանցի խաղաղապահները դիմել են «Ղարաբաղի հայ բնակիչներին բուժօգնություն ցուցաբերելու համար», նրանց խնդրանքով «ժամանել է Շուշի քաղաքի շտապօգնության բրիգադ», որն առաջին օգնություն է ցուցաբերել, ապա «շտապ բուժօգնությունը բուժառուներին հասցրել է հիվանդանոց» Ստեփանակերտում:
 
Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն 115 օր: Այս պահին Հայաստանում հարյուրավոր քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ, ընդգծում է Արցախի օմբուդսմենը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play