«Տեղ գյուղում բնակվող բնակչությունը անելիք ունի՝ նախ այնտեղ ապրելով». Անդրանիկ Քոչարյան


«Տեղ գյուղում բնակվող բնակչությունը անելիք ունի՝ նախ այնտեղ ապրելով». Անդրանիկ Քոչարյան

  • 07-04-2023 20:02:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Տեղ գյուղում ապրող մարդիկ պետք է իրենց վստահ զգան, որ այդտեղ ապրելով և՛ բանակն է իրենց կողքին, և՛ մեր ուժային բոլոր կառույցներն անելիք ունեն, և՛ նաև Տեղ գյուղում բնակվող մեր բնակչությունը անելիք ունի՝ նախ այնտեղ ապրելով»:
 
Այս մասին այսօր ԱԺ-ում «Ազատություն» ռադիոկայանի և news.am-ի լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին:
 
Վերջինս նաև հիշել է, որ 1990 կամ 91 թվականին, երբ սահմանային գյուղերից մեկում խնդիրներ ենք ունեցել, Վազգեն Սարգսյանն ասել է. «Զորքը հանում եմ գյուղից, եթե դուք չեք դառնում աշխարհազոր և կանգնեք ձեր գյուղի սահմաններին»՝ նկատի ունենալով բնակչությանը:
 
«Բայց այն ժամանակ այդպես էր, սահմանին հրացանավոր մարդը կարող էր թշնամուն վախեցնել, և նա հեռու գնար: Հիմա մենք զրուցում ենք, որ իրենք այդտեղից հեռանան, հետո կզրուցենք հավասարազոր հեռացման մասին»,- ընդգծել է Քոչարյանը:
 
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների մոտ 44-օրյա պատերազմից հետո էյֆորիկ վիճակը շարունակվում է, բայց դա շատ երկար չի կարող տևել այն առումով, որ Հայաստանն էլ չի կարող բանակի բարեփոխումները դանդաղեցնել. «Մեր անվտանգային համակարգը ոտքի կանգնեցնելու մեջ է նրանց ցանկությունների կամ ախորժակի պակասեցումը: Էն, ինչ-որ մերն է, մերն է, և եթե իրենք դա չհասկանան, գալու է մի օր, որ կհասկացվի: Ես վստահ եմ, որ իրենք մեր տարածքից անպայման դուրս են գալու»:
 
Հարցին, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու այս ձախողման համար, որ ադրբեջանցիներն անարգել մտել են ՀՀ տարածք, հանձնաժողովի նախագահը պատասխանել է. «Եկեք սպասենք, ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, ակնկալում են, որ հստակ պատասխաններ ստանանք՝ մեր մեղքը կա, թե ոչ: Եթե կա, ապա որտեղ ենք թերացել: Եթե թերացումները չգնահատենք ու չվերացնենք, էլի կլինեն այսպիսի դեպքեր: Թերացումները պետք է կանխվեին՝ սկսած համայնքային իշխանություններից, անվտանգության մարմիններից, բայց, մեկ է, ունենք այս պատկերը: Այլ տեղերում էլ նրանք մեր տարածք են մտել, բայց ես վստահ եմ, որ անպայման դուրս են գալու: Մեր ժողովուրդը պետք է ամուր մնա, բայց դա չի նշանակում, որ պետք է մնա անպաշտպան»:
 
Անդրանիկ Քոչարյանը նաև նկատել է, որ որոշ օրենքներ են ընդունվել, մասնավորապես՝ աշխարհազորի հետ կապված, որի նպատակը հենց դա է, որ տեղի բնակիչները զենք ունենան: «Կգա մի օր, որ այդ ամենը կդառնա մեկ ամբողջական համակարգ, մինչև այդ օրը գալը՝ այսպիսի բաներ կլինեն»,- ասել է նա:
 
Պատգամավորի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ուսումնասիրությունները հիմք են տալիս մտածելու, թե ընդհանրապես ոնց է ձևավորվում էսկալացիայի միջավայրը:
 
«Այսօր սա այն է, ինչը կոչվում է հետպատերազմյա սինդրոմ, և մենք էլ հետպատերազմյա սինդրոմ ունենք, որը պետք է հաղթահարենք»,- նշել է նա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play