«Ադրբեջանն ասում է՝ պատրաստ է հողի վրա իրավիճակ փոխել, սա խոսում է էսկալացիայի մասին». հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ


«Ադրբեջանն ասում է՝ պատրաստ է հողի վրա իրավիճակ փոխել, սա խոսում է էսկալացիայի մասին». հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ

  • 10-04-2023 14:57:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է 100 օրից ավելի Լաչինի միջանցքի փակ լինելուն, հարցի շուրջ միջազգային հանրության արձագանքներին, խաղաղապահ առաքելության կատարած աշխատանքին, նոր ռազմական էսկալացիայի հավանականությանը և այլ հարցերի:
 
Նրա հետ մեր զրույցը՝ ստորև.
 
- Պարոն Մարուքյան, 100 օրից ավելի է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհը: Անգամ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո մնացին անդրդվելի: Միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ ի՞նչ արձանագրումներ եք արել։ Ինչպե՞ս են նրանք մեկնաբանում նրա այս սանձարձակ վարքագիծը:
 
- Միջազգային հիմնական խաղացողները ճանաչում են դատարանի որոշումն ու դրա պարտադիր կատարումը։ Այդ ուղերձները հնչել են, որ դատարանի որոշումը պետք է կատարվի։ Այլ բան է, որ Ադրբեջանը չի հայտարարել դատարանի որոշումը չկատարելու մասին, ընդհակառակը՝ պնդում է, որ Լաչինի միջանցքը բաց է, գործում է, այսինքն՝ պահանջը, որ դատարանի որոշումը կատարվի, ներկայացնում է, թե որոշման կարիքն էլ չկար, քանի որ միջանցքը բաց է։
 
Մեր մոտեցումն այս հարցի շուրջ հետևյալն է․ եթե միջանցքը բաց է, և խոչընդոտներ չկան դրա անխափան օգտագործման համատեքստում, ապա դատարանի նման որոշում կայացնելու կարիք էլ չէր լինի, բայց այդ որոշումը փաստացի առկա է։ Եվ եթե նման որոշում է կայացվել, նշանակում է, որ միջանցքը փակ է, և չի գործում այնպես, ինչպես պետք է գործեր, հետևաբար այն պետք է գործի՝ ըստ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության սահմանված կետով և համաձայն դատարանի որոշման։ Միջազգային մեր գործընկերները տալիս են այդ ուղերձները։
 
- Կա՞ միջազգային որևէ կառույց կամ երկիրը, որը կարող է ստիպել Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը։
 
- Չեմ կարծում, որ չկա։ Եթե, օրինակ, սանկցիաներ կիրառվեն, իրավիճակն այլ կլինի, բայց դրանց կիրառման մասով դեռևս որևէ քայլ չկա միջազգային հանրության շրջանում։ Պետք է շարունակել աշխատել այն ուղղությամբ, որ Ադրբեջանն իրեն պահի պայմանավորվածությունները պահպանող խաղացող, կամ եթե այդ պահվածքը շարունակվում է, բնականաբար, աշխատանքներ պետք է տարվեն՝ Ադրբեջանի համար ոչ բարենպաստ պայմաններ կամ հետևանքներ ստեղծելու համար։ Մինչև այս պահը չունենք նման իրավիճակ, որ որևէ կառույց կամ պետություն, պետությունների խումբ սանկցիաներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ։
 
- Այս ընթացքում, ինչ փակ է ճանապարհը, Ադրբեջանը բազմաթիվ սադրանքներ է իրականացրել, որոնց հետևանքով, ցավոք սրտի, եղել են նաև զոհեր։ Հարկ է արձանագրել, որ այս ամենը տեղի է ունենում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությամբ։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ադրբեջանի այս վարքագիծը պայմանավորված է նաև խաղաղապահների դերն արժեզրկելու համար:
 
- Ցանկացած սադրանք հարված է առաջին հերթին ռուս խաղաղապահ զորախմբին: Երբ դա տեղի է ունենում, Հայաստանը և Արցախն այդ հարցը բարձրացնում են, ու պահանջում, որ խաղաղապահները կատարեն իրենց գործառույթները և թույլ չտան հաջորդ սադրանքի իրականացումը։ Ադրբեջանն այս իմաստով անում է ամեն ինչ, որ խաղաղապահների ներկայությունը արժեզրկվի։ Դա գաղտնիք չէ։ Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի և որևէ սադրանքի համապատասխան գործողություններ կիրականացնի։
 
- Իսկ այս ամենը կարո՞ղ է հիմք համարվել, որպեսզի խաղաղապահների ներկայության արդյունավետությունը կասկածի տակ առնվի: Խոսքը հայկական կողմի դիրքորոշման մասին է:
 
- Խաղաղապահների ներկայությունը եթե չլինի Արցախում, ապա մարդ չի ապրի այնտեղ, և Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման վերջին խոչընդոտը կվերացվի։ Այս պահին ռուս խաղաղապահներն այլընտրանք չունեն։ Երբ կլինի ավելի արդյունավետ այլ այլընտրանքի առաջարկ, դա, բնականաբար, կքննարկվի։ Այս պահին չունենալով այլընտրանք և փոխարենը հայտարարել, թե խաղաղապահները չեն կարողանում ամբողջությամբ կանխել բոլոր սադրանքները՝ վատ է, լուծում չէ։ Պետք է ամեն ինչ անել, որ նրանց առկայությունն Արցախում համահունչ լինի Եռակողմ հայտարարությանն ու արդյունավետ իրականացվի խաղաղապահ գործառույթը։
 
- Պարբերաբար խոսակցություններ կան ռազմական նոր էսկալացիայի մասին։ Ինչ եք կարծում՝ Ադրբեջանն արդյոք կսրի՞ իրավիճակը, թե՞ սադրանքների շարքը կպահպանի՝ մինչև Արցախում  ռուս խաղաղապահ զորախմբի առաքելության ավարտը։
 
- Ես որևէ կանխատեսում չեմ կարող անել։ Ադրբեջանն անընդհատ պատրաստվում է նման էսկալացիաների։ Հայտարարում է՝ պատրաստ է հողի վրա ինչ-որ իրավիճակ փոխել, և դա խոսում է ռազմական նոր էսկալացիայի մասին։ Մենք դրա վերաբերյալ տեղեկացնում ենք, իրազեկում ենք մեր միջազգային գործընկերներին։ Չենք կարող ասել՝ երբ, ինչպես, ինչ իրավիճակով և ձևաչափով տեղի կունենա դա, բայց պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, որոնք քննարկվում են Ադրբեջանում։ Ադրբեջանի ցանկացած ռազմական էսկալացիա խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի ընթացքում ցույց է տալիս, որ իր գործողություններով խաթարում է խաղաղության գործընթացը։
 
- Իսկ կա՞ն քննարկումներ հետագայում խաղաղապահների առաքելության ժամկետը երկարաձգելու մասով։
 
- Նման առաջարկություն արել է ՀՀ վարչապետը Սոչիում։ Ադրբեջանն այդ առաջարկությանը պատրաստ չի եղել քննարկելու։ Դրանից հետո այդ մասով որևէ քննարկում չի եղել։ Փաստ է, որ ԼՂ-ում ապրող ժողովուրդը չի կարող առանց որևէ միջազգային անվտանգային երաշխիքի ապրել այնտեղ: Այդ ուղղությամբ աշխատանք տարվել է, առաջարկում ենք միջազգային մեխանիզմ ստեղծել, որտեղ խոսքը ոչ միայն իրավունքների և ազատությունների վերաբերյալ քննարկումների կամ բանակցությունների մասին կլինի, այլ անվտանգությունն ապահովելու երաշխիքների։
 
- Հայաստանյան ընդդիմադիր շրջանակները հաճախ են քամահրանքով խոսում ԵՄ դիտորների առկայության մասին՝ պնդելով, թե, միևնույն է, Ադրբեջանը շարունակում է իր գործողությունները։
 
 
- Եմ դիտորդները միայն դիտարկումներ կատարելու և իրենց դիտարկումներն արձանագրելու համար են։ Նրանք զինված չեն, որևէ լծակ այդ մասով չունեն, որի հետևանքով էլ չեն կարող հողի վրա կանխարգելիչ այլ գործողություններ իրականացնել։ Զուտ արձանագրում են փաստը, որից հետո անկողմնակալ տեղեկություն են տրամադրելու միջազգային հանրությանը։ Մինչ առաքելության տեղակայումն Ադրբեջանը պնդում էր, թե հայկական կողմն է սադրանքներ իրականացնում, հիմա իրավիճակն այլ է Ադրբեջանը զրկված է նման պնդումներ կատարելուց, քանի որ միջազգային հանրության համար անաչառ տեղեկատվությունն արդեն առկա է։
 
- Խաղաղության պայմանագրի գործընթացը ո՞ր փուլում է։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս մասով։
 
- Մենք մեր առաջարկությունների ու մեկնաբանությունների 4-րդ փուլի աշխատանքներն ենք իրականացնում, և, կարծում եմ, շուտով կավարտենք և կներկայացնենք Ադրբեջանին։
 
- Պարոն Մարուքյան, և մեկ հարց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով. ընդդիմության որոշ ներկայացուցիչներ օրակարգ են նետում այն պնդումը, թե գործող իշխանությունն այդ հարաբերությունների կարգավորման շրջանակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված երթերը փորձելու է արգելել։ Ինչպե՞ս կարձագանքեք այս խոսակցություններին:
 
- Աբսուրդ է, երկխոսության փորձերը ՀՀ-ում միշտ են եղել՝ սկսած 90-ականներից, բայց մեկը մյուսի հետ երբեք չի կապվել ու կապ չունի։ Անգամ անիմաստ եմ համարում նման շահարկումները մեկնաբանել։
 
Մերի Խաչատրյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play