Ադրբեջանցիները եկել են ինչ-որ գործողություն անելո՞ւ, թե՞ փախել են Նախիջևանի զորամասից. Քոչարյան


Ադրբեջանցիները եկել են ինչ-որ գործողություն անելո՞ւ, թե՞ փախել են Նախիջևանի զորամասից. Քոչարյան

  • 11-04-2023 14:36:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Շարունակվում են որոնողական աշխատանքները ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողներից մեկին հայտնաբերելու ուղղությամբ:
 
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցիներին:
 
Հարցին, թե ինչպե՞ս են նրանք կարողացել 20 կմ խորանալ Հայաստանի տարածքում, պատասխանեց. «Դուք սահմանը պատկերացնում եք, որ մի հատ դու՞ռ է, բացեցին-գնացի՞ն: Սահմանը մեծ երկարություն ունի, որտեղ ձորակներ կան, որ կարող են թափանցել: Ինչո՞ւ չեք հարցնում՝ այդ մարդիկ, որոնք եկել են, եկել են ինչ-որ գործողություն անելո՞ւ, թե՞ փախել են այն զորամասից, որը գտնվում է Նախիջևանի տարածքում»:
 
Հիշեցնենք՝ ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ երեկ՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա խոսքով՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող:
 
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Նախիջևանի սահմանային շրջանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, սահմանափակ տեսանելիության պայմաններում ադրբեջանական բանակի երկու զինծառայող մոլորվել և անհետ կորել է:
 
Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանցի զինծառայողներից մեկը Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղում ադրբեջաներենով խոսում տեղի բնակիչների հետ: Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում դեպքից մանրամասներ էր հայտնել՝ նշելով՝ ադրբեջանցին սկզբում Բնունիսում է եղել, հետո՝ հայտնաբերվել Աշոտավան գյուղում: Բնունիս համայնքում բնակիչներից մեկի դռան զանգն են տվել։ Դուռը բացած կինը դիմել է ոստիկանություն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play