Ընդդիմությունն առաջարկում է ԶՈՒ ղեկավար կազմի, իրավասու անձանց մասնակցությամբ ԱԺ-ում քննարկում անցկացնել


Ընդդիմությունն առաջարկում է ԶՈՒ ղեկավար կազմի, իրավասու անձանց մասնակցությամբ ԱԺ-ում քննարկում անցկացնել

  • 12-04-2023 11:51:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում խորհրդարանում Զինված ուժերի ղեկավար կազմի կամ իրավասու այլ անձանց մասնակցությամբ քննարկում անցկացնել:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց. «Թեև մեր պատգամավորների մի մասը հիմա գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը՝ հրավիրել Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց՝ պատգմավորների հետ օրվա ընթացքում քննարկում իրականացնելու, նաև խորհրդարանի անելիքների մասով իրավիճակը հասկանալու համար»:
 
Ընդ որում, ընդդիմության համար կարևոր չէ՝ հանդիպումը կլինի փակ, թե բաց ֆորմատով:
 
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ, եթե բաց ֆորմատով հանդիպում են ուզում, ապա կառավարության հետ հարցուպատասխանին խորհրդարանում են լինելու բոլորը, իսկ, եթե փակ, ապա ինքը պատրաստ է խոսել համապատասխան գերատեսչությունների հետ: ԱԺ փոխնախագահն ու Արծվիկ Մինասյանն այդ հարցը կքննարկեն աշխատանքային կարգով:
 
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ապրիլի 11-ին Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը