«ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ քննչական կոմիտե


«ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ քննչական կոմիտե

  • 13-04-2023 13:53:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
 
Դեպքի առթիվ 2023թ. ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:  
 
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:
 
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն