Իրաքում կանգնեցվել է Բուշի վրա նետված կոշիկների հուշարձանը<br />


Իրաքում կանգնեցվել է Բուշի վրա նետված կոշիկների հուշարձանը

  • 30-01-2009 18:45:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոշիկներն ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վրա նետած լրագրողի պատմությունը հավերժացվել է հուշարձանի տեսքով: Մոտ 3 մ բարձրությամբ հուշարձանը կառուցվել է Տիքրիթ քաղաքում` կախաղան բարձրացված բռնապետ Սադամ Հուսեյնի հայրենիքում: Այս մասին հաղորդում է BBC-ն: Պատվանդանին փորագրված է այդ մամլո ասուլիսից հետո հռչակավոր դարձած լրագրող Մունթադար Զայիդիի արարքը փառաբանող ոտանավոր: Ըստ որում, հուշարձանի հեղինակ Լայիթ Ամարին պնդում է, որ իր ստեղծագործությունը քաղաքական չէ: Կոշիկի հուշարձանը տեղադրված է այն տան այգում, որտեղ գտնվում է բարեգործական կազմակերպություն, որն զբաղվում է Իրաքում հակամարտության ընթացքում որբացած երեխաների խնամքով: 2008 թ. դեկտեմբերին Իրաք ժամանած Ջորջ Բուշի մամլո ասուլիսի ժամանակ 28-ամյա Մունթադար Զայիդին աթոռից վեր թռչելով մեկը մյուսի ետեւից ամերիկյան առաջնորդի վրա էր շպրտել իր կոշիկները` միաժամանակ նրան շուն անվանելով: Նրան սպառնում է 5-ից մինչեւ 15 տարվա բանտարկություն: Կոշիկները, որոնք լրագրողը նետել էր Ջորջ Բուշի վրա, քննության ընթացքում ոչնչացվել են:
Նոյյան տապան  -   Միջազգային