ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից 12 բուժառու տեղափոխվել է Հայաստան. բուժումն ավարտած 8 անձ վերադարձել է


ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից 12 բուժառու տեղափոխվել է Հայաստան. բուժումն ավարտած 8 անձ վերադարձել է

  • 15-04-2023 12:40:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից 12 անձինք ապրիլի 15-ին տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը:
 
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։
 
8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
 
«Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 6 բուժառուներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 317 հիվանդ։
 
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
 
Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play