«Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ»․ Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի նախագահին


«Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ»․ Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի նախագահին

  • 20-04-2023 12:09:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ազատություն. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում, «Արցախպրեսի» հետ զրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
 
Ապրիլի 18-ին ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը նախ հիշեցրել է, որ «Երևանը Պրահայում պաշտոնապես ճանաչել է» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա վերստին պնդել, թե Ղարաբաղը իրենց «ներքին խնդիրն է»:
 
Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը, Ալիևին հիշեցրել է Ղազարյանը՝ նկատելով՝ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը, ըստ արտգործնախարարի, նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։
 
Արցախի արտգործնախարարը կրկին ընդգծել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նախևառաջ մարդու իրավունքների ու ազատությունների, և առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է։
 
«Այս առումով, միջազգային, այդ թվում՝ Ադրբեջան պետության ստանձնած պարտավորությունների համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներն ուղղակի և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր պետությունների համար և չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը», - ասել է Ղազարյանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play