Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացը շարունակվում է


Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացը շարունակվում է

  • 26-04-2023 12:13:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով որակավորման տարակարգ է շնորհվել հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մի խումբ ուսուցիչների:
 
Համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 9 ուսուցիչներից 6-ին շնորհվել է որակավորման երրորդ աստիճանի, 2-ին՝ երկրորդ աստիճանի, իսկ մեկ ուսուցչի՝ չորրորդ աստիճանի տարակարգ:
 
Համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու մասին կարգի` տարակարգ ստացած ուսուցչին տրվում է հավելավճար. առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 10 տոկոսի, երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 30 տոկոսի, իսկ չորրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 50 տոկոսի չափով: 
 
Տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին: Հանրակրթական ծրագիր իրականացնող այլ հաստատությունում համատեղությամբ աշխատող տարակարգ ստացած ուսուցչին հավելավճարը տրամադրվում է միայն հիմնական աշխատավայրում:
 
Որակավորման տարակարգն ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ու կարողություններին համապատասխանող որակավորման չափանիշն է, որը սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։
 
Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։
 
Ատեստավորված ուսուցիչն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհմանը։
 
Նշենք նաև, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն իրականացնելու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը։
 
Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի կողմից։ Հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։
 
Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):
 
Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` ՀՀ կառավարության սահմանած կարգով:
 
Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշման կայացումը։
 
Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ 
 
ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play