«ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում ահաբեկչական պետության ստեղծմանը». Հայտարարել է Թուրքիայի արտգործ նախարար Չավուշօղլուն
28-04-2023 15:19:16 | Սիրիա | Մեկնաբանություն
«ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում ահաբեկչական պետության ստեղծմանը». Հայտարարել է Թուրքիայի արտգործ նախարար Չավուշօղլուն։ Ի՞նչ համատեքստում է արվել նման հայտարարություն։«Նոյյան Տապան»ին մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Նախ նկատենք, որ հայտարարությունն արվում է Թուրքիայի համապետական ընտրությունների նախօրէին։
«Ահաբեկչական պետություն» ասելով Անկարան թիրախավորում է քրդական զինյալ խմբավրումներին և քրդական ինքնավար դրությանը հյուսիսային Սիրիայում։ Ակնարկը պարզ է․ Վաշինգտոնը աջակցում է քրդերին։Չնայած՝ Չավուշօղլուն ասել է, որ ԱՄՆ-ն շարունակում է օգտվել միայն իսլամական պետության հարթակից և չի ուզում աջակցել կայունություն առաջադրող ճիգերին։
Կայունության հաստատման բառակապակցությունը վերաբերում է Մոսկվա- Թեհրան- Դամասկոս- Անկարա քառակողմ հանդիպումներին։ Չպետք է մոռանալ սակայն, որ Մոսկվայի հանդիպմանը Դամասկոսը հնչեցրել էր ամենախիստ նախապայմաններն ու մեղադրանքները Անկարային՝ Սիրիայում ահաբեկչական պատերազմին նպաստած լինելու եւ որեւե քայլի չդիմելու՝ Սիրիան ահաբեկիչներից մաքրելու առումով։Նման խիստ դիրքորոշում Դամասկոսը անպայման համաձայնեցրել էր Մոսկվայի հետ։ Հիմա Անկարայի ներկայացուցիչը փորձ է անում այդ մեղադրանքների սլաքներն ուղղել Վաշինգտոնին եւ Մոսկվային ուղերձ ուղարկել։
Վերջին շրջանում նկատվում են որոշակի փոփոխություններ Մոսկվա- Անկարա մերձեցման ուղղությունների առումով։ ՆԱԹՈ-ի անդամակցության Ֆինլանդիայի նկատմամբ թուրքական վեթոյի վերացումը եւ դրա դիմաց Դամասկոսի կոշտ դիրքորոշումը՝ Անկարայի հետ բնականոնացման իբրև նախապայման դրա մասին են խոսում։