Բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ. կարգազանց վարորդները կպատժվեն


Բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ. կարգազանց վարորդները կպատժվեն

  • 02-05-2023 14:24:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ղեկին ծխելու, մնացորդը դուրս նետելու, մանրադրամն իրեն փոխանցելու պահանջի համար ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից:  Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի համայնքային բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, տեսաձայնագրություններն ուսումնասիրվում են և, ըստ անհրաժեշտության, միջոցներ ձեռնարկվում: 
 
«Սոցիական ցանցում նախորդ շաբաթ գրառում արվեց, որտեղ նշվում էր, որ ավտոբուսի վարորդը ագրեսիվ է իրեն պահել, ծխել է ղեկին, նաև ուղևորներին պարբերաբար հորդորել մանրադրամը փոխանցել իրեն: Նման դեպքերը մենք պետք է հանրայնացնենք, որպեսզի հետագայում բացառենք երևույթի կրկնությունը: Հսկողությունը լինելու է շարունակական, և ցանկացած խնդրի դեպքում վարորդները պատասխանատվության են ենթարկվելու»,- ընդգծել է  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: 
 
Երթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը: Մինչ այդ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով աշխատող 3-րդ ավտոբուսային երթուղու ամբողջ շարժակազմը փոխարինվել է: Ուղեգիծը սպասարկում է Նոր Նորքի 9-րդ զանգվածի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին: 
 
Բացի այդ, 47 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինվել են միջին դասի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որոնք կսպասարկեն 48 երթուղին: Փոքր դասի ավտոբուսները կփոխարինեն 21 համարի երթուղու շարժակազմը,  իսկ 18 համարն այսուհետ քաղաքացիներին կսպասարկի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով:
 
Միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ համար 1 ավտոբուսային երթուղու 14 շարժակազմում տեղադրվել են հատուկ վճարային սարքավորումներ:  Երթուղու երկայնքով բոլոր տերմինալներում ակտիվացվել է տոմս ձեռք բերելու համապատասխան կոճակը: Նախատեսվում է  դրանք փորձարկել նաև բջջային հավելվածում: 
 
Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած և ժամկետանց 5163 գրություններից նախորդ շաբաթ պատասխանվել է 929-ին, ինչը վարչության աշխատանքում ռեկորդային է: Նշվել է, որ այսուհետ բացառվել է «գործը քննարկան փուլում է» բովանդակությամբ պատասխանների տրամադրումը: Բոլոր դիմումներին տրվում են հստակ պատասխաններ: 
 
Ավարտական փուլում է Աբովյան պուրակի բարեկարգումը: 
 
Ամփոփվել են Երևանի բուսաբանական այգում նախատեսվող հուշապուրակի կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքները:  
 
Շուտով կառավարության աջակցությամբ Մուշական թաղամասում կմեկնարկի կոյուղագծի կառուցման ծրագիրը: 
 
Ամիրյան փողոցի բոլոր մալուխները կանցկացվեն ստորգետնյա: Ծրագրի շրջանակում տեղադրվել են նոր հենասյուներ, անցկացվել խողովակներ, հերթը կապի օպերատորներինն է, որոնք պետք է մալուխներն գետնի տակ անցկացնեն:
 
Հանձնարարվել է մեկ անգամ ևս տեղում ստուգել աշխատանքների որակը:
 
Առևտրային բանկերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ առցանց հավելվածներում գույքահարկի և աղբահանության վճարի համար առանձին հնարավորություն ստեղծելու նպատակով:  Նշենք, որ 2022թ. հուլիսի 1-ից համայնքն իր ծառայությունների համար բոլոր վճարումներն ընդունում է անկանխիկ եղանակով: Քաղաքացիների համար վճարումներն առավել հարմարավետ դարձնելու նպատակով քաղաքապետարանը դիմել է բանկերին՝ լրացուցիչ գործիքակազմի համար:
 
Ազրումանյան փողոցի 10 և 17 հասցեների վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի վերաբերյալ նշվել է, որ քաղաքացիների հետ կազմակերպվել են հանդիպումներ, ոմանց հետ արդեն իսկ կնքվել են պայմանագրեր: 
 
Ամփոփելով շաբաթօրյակի արդյունքերը՝ զեկուցվել է, որ մաքրման աշխատանքներ են իրականացվել բոլոր վարչական շրջանների՝ նախապես որոշված հասցեներում: Կուտակված ամբողջ աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Տեխնիկայի միջոցով մաքրվել են նաև շինաղբի կուտակման քրոնիկ հասցեները:
 
Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, համայնքային կառույցներին և մասնավոր կազմակերպություններին՝ շաբաթօրյակին ակտիվ մասնակցության համար: 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play