Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներն անընդունելի են համարում Փաշինյանի հայտարարությունը


Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներն անընդունելի են համարում Փաշինյանի հայտարարությունը

  • 23-05-2023 10:49:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի երրորդ ու Արցախի նախկին նախագահները անընդունելի են համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Երևանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։
 
«Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», - շեշտել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
 
Նրա, Հայաստանի մյուս ու Արցախի նախկին ղեկավարների արձագանքն էր պահանջել Արցախի խորհրդարանն ընդունած հայտարարությամբ, որով քննադատում ու չի ընդունում ՀՀ վարչապետի հայտարարությունը։
 
«Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մեր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում, կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին: Դրանք որևէ փոփոխության ենթակա չեն:
 
Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է», - նշել է Սերժ Սարգսյանը:
 
Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հստակեցնելով, թե ինչ նկատի ունի Երևանը, երբ խոսում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի մետր տարածքային ամբողջականության մասին։ Միաժամանակ, սակայն, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։
 
Արցախի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը համատեղ հայտարարությամբ ընդգծել են. - «ՀՀ գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են»։
 
Նրանք պնդել են, որ Արցախը չի ընդունելու այն մոտեցումները որոնք ներկայացվել են Փաշինյանի կողմից։
 
«Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան: Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից և, ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ հիմա, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար», - ասված է նրանց հայտարարության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը