Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ

Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ

  • 25-05-2023 13:24:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինն այսօր Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական միջուկային զենքը Բելառուսի տարածքում պահելու կարգը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:
 
«Հանդիպման ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ պահեստարանում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքը պահելու կարգը», - ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ։
 
Ինչպես նշել է Շոյգուն, Ռուսաստանի և Բելառուսի կողմից իրականացվող միջոցառումները «համապատասխանում են գործող բոլոր միջազգային-իրավական պարտավորություններին»։
 
Հանդիպմանը նախարարները քննարկել են ռազմաքաղաքական իրադրությունը և երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։
 
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսի Հանրապետությունում, ինչպես Միացյալ Նահանգները դա վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի ղեկավարը, հուլիսի 1-ին նախատեսվում է ավարտել մարտավարական միջուկային զենքի համար Բելառուսի տարածքում պահեստարանի կառուցումը։
 
Ինչպես նշում է ТАСС գործակալությունը, Մոսկվան արդեն Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համալիր, որը կարող է միջուկային զենք կրել, և օգնել է վերասարքավորել բելառուսական ինքնաթիռները, որպեսզի դրանք կարողանան կիրառել հատուկ ռազմամթերք։ Բելառուս զինծառայողները համապատասխան պատրաստություն են անցել Ռուսաստանի Դաշնությունում:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը