Առաջին անգամ աշխարհահռչակ թավջութակահար Hauser-ը յուրօրինակ համերգային ծրագրով հանդես կգա Երեւանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Առաջին անգամ աշխարհահռչակ թավջութակահար Hauser-ը յուրօրինակ համերգային ծրագրով հանդես կգա Երեւանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-05-2023 13:55:22   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանն անհամբեր սպասում է հունիսի 17-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կայանալիք, ազգությամբ խորվաթ, բազմաթիվ հեղինկավոր մրցույթների դափնեկիր, հանրահայտ թավջութակահար HAUSER-ի հայաստանյան առաջին համերգային ծրագիրը:
 
Կազմակերպիչների խոսքով` սպասվում է յուրահատուկ համերգային երեկո` դասական, ռոք եւ լատինաամերիկյան ռիթմեր` թավջութակի հնչյուններով:
 
«ՀԱՅԱ» փառատոնն իր մեկնարկը տվեց նախորդ տարի` Հայաստան հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Զազը, 50 Cent-ն ու Let Zeppelin Symphonic նախագիծը։
 
Ստեփան Հաուսերը ծնվել է 1983թ. հունիսի 15-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում, երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։ Առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում։ Ելույթներ է ունեցել «Ալբերտ» թագավորական սրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Southbank Centre-ում, երկու անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար Բուքինգհեմյան եւ Սենթ-Ջեյմս պալատներում։ Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Բերնարդ Գրինհաուզի, Հենրիխ Շիֆի եւ այլոց հետ:
 
Հաուսերը համաշխարհային մի շարք մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Ջորջ Մայքլի, Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերի, U2, Red Hot Chili Peppers խմբերի եւ հայտնի այլ կատարողների հետ:
 
-Ի՞նչ հույզեր եք պարգևում Ձեր երաժշտության միջոցով:
 
-Մենք  ստեղծում ենք հույզեր, միավորում մարդկանց, ջնջում  նրանց միջեւ եղած սահմաններն  ու խախտում  բազում  կարծրատիպեր։ Եթե այցելեք մեր համերգին, կհամոզվեք, որ մեր հանդիսատեսի մեջ կան բոլոր կատեգորիաների եւ տարիքի մարդիկ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հանդիսատեսն իրեն առանձնահատուկ զգա։
 
-Դուք շատ եք ճանապարհորդում աշխարհի տարբեր երկրներում , իսկ որտե՞ղ են ձեր ընկերներն ու սիրելիները, որոնց հետ ձեզ ամենալավն եք զգում:
 
-Ճիշտ է, ես սիրում եմ ճանապարհորդել աշխարհով մեկ: Ես գնում եմ այնտեղ, որտեղ աչքերս են նայում: Ինձ դուր է գալիս հանդիպել նոր մարդկանց եւ գնալ նոր վայրեր: Ես կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհն իմ տունն է,  ես ինձ լավ եմ զգում ամենուր... Բայց, իհարկե, Զագրեբն ու իմ հայրենի Իստրիան հենց այն վայրերն են, որտեղ ես ինձ առավել հարմարավետ  եմ զգում:
 
-Ինչպե՞ս եք սիրում հանգստանալ ձեր ելույթներից հետո, երբ այլ բան չունեք անելու:
 
-Ես սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում,երկար զբոսանքներ գեղեցիկ անտառներով,  ուր կարող եմ մենակ մնալ իմ մտքերի հետ: Շուրջս շատ մարդիկ կան, բայց վայրի բնության մեջ մաքրվում եմ, այնտեղ այնքան  հանգիստ, գեղեցիկ ու  անաղարտ է:
 
 

Նոյյան տապան  -   Մշակույթ