Սոթքի հանքավայրը մասնակի է աշխատում. Գեղարքունիքի մարզպետ


Սոթքի հանքավայրը մասնակի է աշխատում. Գեղարքունիքի մարզպետ

  • 06-06-2023 14:55:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Սարգսյանը հայտնեց, որ Գեղարքունիքում հակառակորդի կողմից կրակոցների ինտենսիվությունը նվազել է։
 
Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, բայց անվտանգային խնդիրներից ելնելով հիմա են դադարեցվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
 
Մարզպետը տեղեկացրեց, որ փակ հանքում աշխատանքները շարունակվում են։
 
«Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,–ասաց մարզպետը հավելելով, որ տարբերակներ են դիտարկում հանքի փակման հետևանքով անգործ մնացած մարդկանց աշխատանքով ապահովելու համար։
 
Հարցին` արդյոք անվտանգային իրավիճակից ելնելով արտագաղթ կա մարզում, Սարգսյանը պատասխանեց, որ նման մոնիթորինգ չեն իրականացրել, սակայն քիչ հավանական է, որ նման խնդիրների պատճառով մարդիկ դուրս գնացած լինեն։
 
«Ունենք ընտանիքներ, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո դուրս են եկել իրենց բնակավայրերից, մի քանիսը հետ չեն վերադարձել»,- նշեց նա։
 
Մարզպետը նաև հայտնեց, որ Գեղարքունիքում հակառակորդի կողմից կրակոցների ինտենսիվությունը նվազել է։
 
Դիտարկմանը` Գեղարքունիքի մարզ ներխուժելուց հետո ադրբեջանցիները ամրաշինական, ինժեներական աշխատանքներ են իրականացրել, մարզպետը նշեց, որ անկախ այդ աշխատանքներից ինքը վստահ է, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանցիները հետ են գնալու։
 
«Չեմ կարող ասել, թե երբ է լինելու այդ օրը, բայց վստահաբար ՀՀ–ն իր սահմաններով լինելու է անառիկ»,–ընդգծեց նա։
 
Մարզպետը տեղեկացրեց, որ Գեղարքունիքում առաջիկայում կլինի ծրագիր, որով բնակիչները կկարողանան ինքնապաշտպանանություն իրականացնել, եթե խնդրի առջև կանգնեն։
 
Նշենք, որ Սոթքի բաց հանքի աշխատանքը ադրբեջանական հրետակոծության հետևանքով դադարեցվել է մայիսի 30–ին։
 
Դեռ մայիսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, որ Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, բայց որպես պատճառ նշել էր պաշարների սպառումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play