ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանի կրակոցների և դրա հետևանքով աշխատակիցների վիրավորվելու հանգամանքով. Միլլեր


ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանի կրակոցների և դրա հետևանքով աշխատակիցների վիրավորվելու հանգամանքով. Միլլեր

  • 15-06-2023 10:13:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածություն ցուցաբերելու մեր կոչը:
 
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Երասխում երեկ և նախորդ օրը հնչած կրակոցներին:
 
«Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առընթեր ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կրակոցներից։ Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղության ուղղությամբ»,- գրել է նա:
 
Երեկ  հայտնել էինք, որ ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել Հնդկաստանի 2 քաղաքացի:
 
Հիշեցնենք՝ նախորդ օրն էլ՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
 
Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել էին քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ: Ադրբեջանական կողմում հայտարարել էին, թե գործարանի կառուցումը վնաս է հասցնելու շրջակա միջավայրին և դա իրենք թույլ տալ չեն կարող: 
 
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը այս կապակցությամբ հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցությունը բացառվում է։ Երասխում կառուցվող գործարանն իրականում սև մետաղի ջարդոնի վերամշակման համար է, իսկ  ձուլման գործընթացն իրականացվելու է ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, որն աշխատում է բացառապես հոսանքով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը