Ապաշրջափակում կլինի այն ժամանակ, երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը. Օվերչուկ


Ապաշրջափակում կլինի այն ժամանակ, երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը. Օվերչուկ

  • 19-06-2023 13:39:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թե ե՛րբ կլինի ապաշրջափակումը, դեռ ոչ ոք հստակ պատասխան չի կարող տալ։ Կլինի այն ժամանակ, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր հայերի և ադրբեջանցիների կողմից, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
«Հայաստանի համար այս երկաթուղու բացումն առանցքային նշանակություն ունի։ Հանրապետության տնտեսությունը շատ ակտիվ աճ է գրանցում. նախորդ տարի այն կազմել է 12,6%։ Սա աշխարհում ամենաբարձր տնտեսական աճի տեմպերից մեկն է, և բոլորը հասկանում են, որ այս տնտեսական հրաշքի պատճառները հայ ձեռներեցների ձեռնարկատիրական որակներն են և Ռուսաստանի ու ԵԱՏՄ այլ երկրների խոշոր տնտեսություններ անարգել մուտքի հնարավորությունը»,- ասել է փոխվարչապետը ՏԱՍՍ-ի հետ զրույցի ընթացքում։
 
Ալեքսեյ Օվերչուկը շեշտել է, որ տնտեսության նման ընդլայնումը պահանջում է համապատասխան զարգացած տրանսպորտային հաղորդակցություն՝ ապահովելու Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ, միևնույն ժամանակ, Հայաստանը դիտարկում է Ռուսաստանը  է որպես իր հիմնական շուկա։
 
Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանի տնտեսության զարգացումը զսպում է Վերին Լարսի ճանապարհը՝ միակ սահմանային անցակետը, որը կապում է այն Ռուսաստանի հետ. «Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հնարավորինս արագ իրականացնել ապաշրջափակումը: Նման մտահոգություն ունի նաև Ադրբեջանի ղեկավարությունը, որը նույնպես ձգտում է հնարավորինս արագ ուղիղ և հարմարավետ տրանսպորտային կապեր ստանալ իր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Ակնհայտ է, որ երկաթուղային ճանապարհը կշարունակվի դեպի Իրան և Թուրքիա, ինչն այն կդարձնի Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային ուղիներից մեկը։ Բայց, իհարկե, հանուն փաստաթղթի ստորագրման արագության, ոչ ոք երկրորդ տեղում չի դնի մարդկանց ու ապրանքների անվտանգությունը, որոնք պետք է շարժվեն այդ ճանապարհով։ Սա շատ կարևոր կետ է, որն առայժմ հնարավորություն չի տալիս պատասխանել այն ​​հարցին, թե երբ տեղի կունենա ապաշրջափակումը»:
 
Հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի փոխվարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի հետ տնտեսական համագործակցությանը: Օվերչուկը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, ինչպես նաև Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպման  ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է:
 
Լրագրողի հարցին, թե երբ է նախատեսվում աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը, Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ աշխատանքային խումբը 2.5 տարվա ընթացքում չի մշակել հանդիպումների հստակ ժամանակացույց, սակայն աշխատանքներն  իրականացվում են գրեթե ամեն օր։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը