Իսրայելի անկախության պատերազմը կամ Իսրայելում իրատես լինելու համար հարկավոր է հավատալ հրաշքների


Իսրայելի անկախության պատերազմը կամ Իսրայելում իրատես լինելու համար հարկավոր է հավատալ հրաշքների

  • 21-06-2023 21:00:44   |   |  Մեկնաբանություն

 
1948թ-ի մայիսի 12-ին, Թել-Ավիվում` Ժողովրդական կառավարության հրավիրած նիստում, քննարկվում էր ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալլի հայտարարությունը, որով նա առաջարկում էր հետաձգել հրեական պետության կազմավորման հռչակումը։ «Եթե Ժողովրդական կառավարությունը մերժի մեր առաջարկը,- զգուշացնում էր Մարշալլը,- արաբական ներխուժման դեպքում հրեաները թող չդիմեն ԱՄՆ-ին»։ Այդ նույն օրը Թել-Ավիվ վերադարձած Գոլդա Մեիրը նիստի մասնակիցներին հաղորդեց մյուս անցանկալի նորությունը. իրեն չի հաջողվել համոզել Տրանսհորդանանի թագավոր Աբդուլլահին` զերծ մնալ հրեական պետության դեմ հնարավոր պատերազմին մասնակցությունից։ Տրանսհորդանանի չեզոքության բացակայությունը նշանակում էր ոչ միայն նրանց՝ բրիտանացի հրահանգիչների կողմից մարզված մարտունակ բանակի մասնակցություն հնարավոր ռազմական գործողություններին, այլև` Տրանսհորդանանի տարածքի տրամադրում արաբական մյուս երկրներին՝ հրեաների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Ուստի բանակցությունների ձախողման լուրը մեծ հուզումներ առաջացրեց Ժողովրդական կառավարության շարքերում և լուրջ բանավեճերի տեղիք տվեց։ Դավիթ Բեն-Գուրիոնին հարկավոր եղավ իր ողջ վճռականությունը և համառությունը՝ ստանալու Ժողովրդական կառավարության համաձայնությունը` Անկախության անհապաղ հռչակման մասին։ Պատմական այդ նիստում 6 կողմ, 4 դեմ ձայներով որոշում ընդունվեց երկու օրվա ընթացքում հռչակել հրեական անկախ պետականության կազմավորումը։ Ավելին, Բեն-Գուրիոնի պնդմամբ Անկախության հռչակագրի տեքստում բացակայում էին կոնկրետ սահմանանշումները, քանի որ նա հույս ուներ, որ հետագայում կկարողանան ընդարձակել երկրի սահմանները։ 
 
1948թ-ի մայիսի 14-ին, Պաղեստինում բրիտանական մանդատի ավարտից մեկ օր առաջ, Դավիթ Բեն-Գուրիոնը հռչակեց հրեական անկախ պետականության հիմնադրումը։ Իսրայելի անկախության հռչակումից մեկ օր անց՝ 1948թ-ի մայիսի 15-ին, արաբական վեց երկրներ՝ Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան և Տրանսհորդանանը հարձակվեցին Իսրայելի վրա։ Սկսվեց Իսրայելի անկախության պատերազմը։ 
Պատերազմի սկզբում ուժերը անհավասար էին, հատկապես սպառազինության տեսանկյունից։ Ուստի Բեն-Գուրիոնի հիմնական նպատակը ժամանակ ձգելն էր։ Նա հրաժարվեց հրեական քաղաքացիական բնակչության էվակուացիայից՝ պնդելով մարտերի շարունակման և թշնամուն կանգնեցնելու մարտավարության վրա։ Առաջին օրերին զենքի ու զինամթերքի սղության աստիճանը պատկերացնելու համար մի փաստ բերեմ. Հորդանանյան հարթավայրում ստեղծված ծանրագույն իրավիճակում հրեաները ստիպված էին իրենց ունեցած չորս թնդանոթները մի օրով տեղափոխել հարթավայր՝ սիրիացիների գրոհը կանգնեցնելու համար։ 
 
Մայիսի 22-ին արաբական ուժերին հաջողվեց ռազմաճակատի մի քանի ուղղություններով ճեղքում իրականացնել։ Մեկուկես օր տևած կատաղի դիմադրության արդյունքում՝ մայիսի 23-ի երեկոյան, հրեաներին հաջողվեց կայունացնել ռազմաճակատի գիծը։ Բեն-Գուրիոնի մարտավարությունը աշխատեց. առաջին շաբաթների կատաղի դիմադրությունը Իսրայելի համար հնարավորություն ստեղծեց շահել այդչափ անհրաժեշտ ժամանակը, ինչին արդեն հաջորդեց զենքի և զինամթերքի մատակարարումը Եվրոպայից։ Իսկ երբ Իսրայել հասավ հինգ հազար ավտոմատներով և քառասունհինգ թնդանոթներով բեռնված նավը, Բեն-Գուրիոնը հայտարարեց. «Սա բեկման սկիզբն է» և ձեռնամուխ եղավ պատերազմի վարման նոր ստրատեգիական՝ արաբական բանակների ջախջախման պլանը կազմելուն։ Համաձայն այդ պլանի՝ հարկավոր էր թշնամուն ջախջախիչ հարված հասցնել մեկ ճակատում և նրան զսպել այլ ճակատների վրա։ 
 
1948թ-ի հունիսի 11-ին զինադադար կնքվեց. Իսրայելին դադարեց սպառնալ ոչնչացման անմիջական վտանգը։ Զինադադարին հաջորդող մի քանի ամիսները Բեն-Գուրիոնը օգտագործեց հրեական տարբեր ռազմականացված միավորումները մեկ ամբողջական բանակի մեջ միավորելու գործընթացը ավարտելու համար։ 1948թ-ի հոկտեմբերի 15-ին սկսվեց իսրայելական բանակի հարձակումը. շրջափակման մեջ հայտնվելու վտանգի առաջ կանգնած եգիպտական ուժերը սկսեցին նահանջել։ Հոկտեմբերի 19-ին ՄԱԿ ԱԽ պահանջեց դադարեցնել Իսրայելի և Եգիպտոսի միջև ռազմական գործողությունները: Բեն-Գուրիոնը ձգձգեց ԱԽ պահանջին պատասխանելու հարցը մի քանի օրով՝ հնարավորություն տալով իսրայելական ուժերին առավել բարենպաստ դիրքեր զբաղեցնել։ Ավելին, չնայած Բրիտանիայի և Չինաստանի կողմից ներկայացված ռեզուլյուցիային՝ զորքերը հոկտեմբերի 14-ի սահմաններ հետ քաշելու պահանջով, Բեն-Գուրիոնը ամեն ինչ արեց որևէ թիզ հող չզիջելու համար։ Գրառումս տարբեր դետալներով չծանրաբեռնելու համար ասեմ, որ հաջորդող մի քանի ամիսներին իրականացված տարբեր քաղաքական/ռազմական օպերացիաների արդյունքում, 1949թ-ի գարնանը և ամռանը Իսրայելը զինադադար կնքեց արաբական երկրների հետ (Իրաքից բացի), 1949թ-ի մայիսի 11-ին դարձավ ՄԱԿ անդամ (Պաղեստինի արաբական հատվածում այդպես էլ արաբական պետություն չհիմնադրվեց) և հնարավորություն ստացավ պատրաստվել հաջորդ պատերազմներին։ Իսկ թե իրականում ինչ է նշանակում իրապես պատրաստվել հաջորդ պատերազմին, կպատմեմ հաջորդիվ։
 
Արփի Թոփչյան
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն