Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը բացառապես պետք է իրականացվի Երևանում. Ավանեսյան


Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը բացառապես պետք է իրականացվի Երևանում. Ավանեսյան

  • 22-06-2023 13:36:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ առողջապահության նախարարան ասաց` ինչ են անում, որ իրավիճակը հարգավորվի։
 
Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը բացառապես պետք է իրականացվի Երևանում։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Ստեփանակերտի մեր հիվանդանոցը հագեցած է, ունի համապատասխան մասնագիտական թիմ, սակայն կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում։ Դրա համար անհրաժեշտ է, որ Լաչինի ճանապարհը մշտապես լինի անցանելի»,– հայտարարեց նախարարը։
 
Նա կոնկրետ թիվ չասաց, թե քանի այդպիսի հիվանդի մասին է խոսքը, քանի որ իրավիճակն անընդհատ փոփոխվում է։
«Որքան փակ լինի Լաչինի ճանապարհը, այդքան կաճի նրանց թիվը։ Այս պահին անգամ Կարմիր խաչի օգնությամբ նրանց հնարավոր չէ տեղափոխել Երևան»,– ընդգծեց Ավանեսյանը։
 
Ըստ նրա` բոլոր գերատեսչությունները հնարավոր բոլոր խողովակներով անում են հնարավորը, որպեսզի այս իրավիճակն արագ կարգավորվի և վերականգնվի մարդկանց բնականոն տեղաշարժը։
 
«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր գործընկերների հետ, փորձում ենք տեղի միջոցները շատ խիստ համակարգված ձևով օգտագործել։ Սպասում ենք, որ իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և մենք հնարավորություն ունենանք մեր բուժառուներին Երևանում սպասարկելու»,– նշեց նախարարը։
 
Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ միջազգային գործընկերներին ամենշաբաթյա կտրվածքով տեղեկատվություն են փոխանցում։
 
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
 
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը