Մենք տարբեր ձևերով կապված ենք իրար հետ, խաղաղություն եմ մաղթում. Սիմոնյանը՝ ՌԴ-ում կատարվող իրադարձությունների մասին


Մենք տարբեր ձևերով կապված ենք իրար հետ, խաղաղություն եմ մաղթում. Սիմոնյանը՝ ՌԴ-ում կատարվող իրադարձությունների մասին

  • 26-06-2023 13:11:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ.  Վերջին երկու օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող դեպքերի հետ կապված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուս ժողովրդին խաղաղություն է մաղթում։
 
Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ չմեկնաբանելով ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունները։
 
«Դա իրենց ներքին գործն է, բնական է, բացասական ազդեցություն կլինի։ Աշխարհի յուրաքանչյուր կետում որևէ անհանգիստ իրադարձություն դրական չի կարող լինել, էլ չեմ խոսում, որ մենք տարբեր ձևերով կապված ենք ՌԴ-ի հետ։ Բայց դա իրենց ներքին գործն է։ Մեզ կվերաբերի, երբ որ ռեալ լինի, այս փուլում ես իրենց ժողովրդին խաղաղություն եմ մաղթում»,- ասաց նա։
 
Հիշեցնենք՝ շաբաթ օրը «Վագներ» ռազմականացված ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին: Նա տեսանյութն էր հրապարակել Դոնի Ռոստովում տեղակայված Հարավային ռազմական շրջանի շտաբից և հայտարարությամբ հանդես եկել:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ կապված Պրիգոժինի գործողությունների հետ:
 
ՌԴ նախագահը հանդես էր եկել ուղերձով և տեղեկացրել, որ ռուսական զորքերը ստացել են զինված ապստամբությունը կազմակերպողներին չեզոքացնելու անհրաժեշտ հրամանը:
 
Հունիսի 23-ին «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը տարբեր հայտարարություններով էր հանդես եկել՝ մեղադրելով պաշտպանության նախարարին նախագահին խաբելու համար՝ հավելելով, որ Քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել նրա և գլխավոր շտաբի պետի դեմ։
 
Արդեն երեկոյան ՄՌԿ Վագների ղեկավարը հայտարարել էր, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել, և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման համար մեղադրել էր ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25 հազար զինվորով գնում են «վերականգնելու արդարությունը»:
 
ՌԴ ՊՆ-ն հերքել էր հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ էր հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։
 
Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ նախագահի հետ համաձայնեցված, բանակցություններ էր վարել Եվգենի Պրիգոժինի հետ։
 
Պրիգոժինն ընդունել էր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը