«Շուշան Վարդանյան» արվեստի դպրոցի գունավոր ուղին ամփոփվեց ցուցահանդեսով


«Շուշան Վարդանյան» արվեստի դպրոցի գունավոր ուղին ամփոփվեց ցուցահանդեսով

  • 21-06-2023 16:03:16   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հունիսի 17-ին Մոսկվայի տան ցուցասրահում տոն էր․տեղի ունեցավ «Շուշան Վարդանյան» արվեստի դպրոցի սաների հաշվետու ցուցահանդեսը։  Վառվող աչքեր, ուրախություն, գույներ, ոգևորություն էր տիրում սրահում։ Ամփոփվեց դպրոցի 1 տարվա պատմությունն ու անցած ուղին։ Ցուցահանդեսին մասնակցում էին ստուդիայի երկու մասնաճյուղերի սաները, ներկայացված էին լավագույն աշխատանքները, որոնց թվում, ի դեպ կային նաև մեծաթիվ մեծահասակներ․ «Կենտրոնը 3 տարեկանից բարձր բոլոր ստեղծագործել ցանկացողների համար է։ Մենք ունենք նկարչության, կավագործության և այլընտրանքային նկարչության դասեր, որոնց  միջոցով մարդիկ հնարավորություն ունեն արտահայտվելու և ինքնադրսևորման։ Այժմ ամառային արձակուրդների շրջանում ունենք նաև ցերեկային կուրսեր, որտեղ երեխան հնարավորություն ունի ընտրել, թե այդ օրը ինչով է ուզում զբաղվել»,- ասում է ստուդիայի հիմնադիրը՝ նկարչուհի Շուշան Վարդանյանը։
 
Ըստ նրա՝ աշակերտ բացի այն, որ սովորում է բոլոր, այսպես ասած, «առարկաները» հիմքային և գիտական տեսանկյունից,  նաև հնարավորություն ունի ստեղծել իր ուրույն աշխարհը։
 
Յուրաքանչյուր տարիք ունի իր սպասելիքները, պահանջներն ու մոտեցումները։ Կենտրոնում ստեղված է թերապևտիկ միջավայր, որը օգնում է կտրվել իրականությունից ու տեղափոխվել ուրիշ աշխարհ, արտահայտել ներսում պահածն ու կուտակածը, խոսել արվեստի լեզվով։
 
Միջոցառման վերջում տեղի ունեցավ նաև արդեն իսկ ավանդույթ դարձած հետաքրքիր անակնկալը, որն այս անգամ փոքրիկների համար էր․անհավանական նյութերից երեխաները հետաքրքիր կոմպոզիցիաներ ստեղծեցին։
 
«Անչափ կարևորում եմ երեխայի մոտ այստիպ զբաղվածությունը, քանի որ այն ապահովում է ոչ միայն հոգեկան կայունություն, այլ նաև ճաշակ, զարգացվածություն, գիտելիք ու ինքնարտահայտում»,- ամփոփեց Շուշան Վարդանյանը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն